ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԺԵԼ Է
ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ  Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը պատժվել է նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով՝ 4,875 միլիոն դրամ՝ համայնքի վարչական շրջանում գտնվող հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունները ինքնակամ փոխելը չկանխելու եւ դրա հետեւանքները չվերացնելու համար: Նշենք, որ Բագրատաշենը զբաղեցնում է 2290 հեկտար տարածք, որից արոտ է  643 հեկտարը, իսկ վարելահող՝ 1016 հեկտարը:

ՉՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Պետական գույքի կառավարման  2011-2013թթ. ծրագրով նախատեսված ոչ բոլոր ընկերություններն են մասնավորեցվել: Մասնավորեցման ծրագրում ընդգրկված՝ չմասնավորեցված (չլուծարված) առեւտրային կազմակերպությունների եւ այլ օբյեկտների ճակատագիրը հետեւյալն է. «Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն»՝ չի հաջողվում մասնավորեցնել:  Իջեւանի կինոցանցի «Գանձաքար» կինոթատրոն՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու պատճառով չի կարող լուծարվել, նախատեսվում է մասնավորեցնել 2013թ.: Լուսմատ ՓԲԸ՝ ներկայացվել է աճուրդի, սակայն աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով, առաջարկվում է ներկայացնել լուծարման 2013թ.: «Երվերելակ» ՓԲԸ՝ ներկայացվել է աճուրդի, սակայն աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:«Գրանիտ» ՓԲԸ՝ ներկայացվել է աճուրդի, սակայն աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

ՎԱՏԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ մի շարք հետազոտական ընկերությունների համատեղ ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ-ում լավագույն աշխատանքը ապահովագրական գործակալն է, վատագույնը՝ լրագրողը: Ուսումնասիրության հեղինակները կազմել են 200 մասնագիտության եւ աշխատանքի ցուցակ եւ հաշվի առել մասնագիտությանը ներկայացվող ֆիզիկական պահանջները, աշխատանքի պայմանները, եկամուտների ծավալը, մասնագիտական աճի հնարավորությունները:

ԷԼԻ ՉԱՍԱՑ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես եւ սպասվում էր, նա հերթական անգամ խուսափել է արտասանել «Ցեղասպանություն» բառը` փոխարենն օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը: «Այսօր մենք նշում ենք Մեծ եղեռնը ու հարգում հիշատակն այն մարդկանց, որոնք մահացել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ»,-ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում: Միեւնույն ժամանակ Օբաման հայտարարել է, թե բազմիցս է նշել իր սեփական դիրքորոշումը 1915թ. կատարվածի վերաբերյալ: «Եվ իմ դիրքորոշումը չի փոխվել,-շեշտել է նա եւ հավելել,-փաստերի լիակատար, բացահայտ եւ արդարացի ընդունումը բոլորի շահերից է բխում: Ազգերն ամրանում են` ընդունելով եւ հաշվի նստելով անցյալի ցավոտ տարրերի հետ, հիմք ստեղծելով առավել արդարացի եւ տոլերանտ ապագայի համար: Մենք արժանին ենք մատուցում այն խիզախ հայերին եւ թուրքերին, որոնք կանգնեցին այդ ճանապարհին, եւ ոգեկոչում շարունակել այդ գործողությունները իրենց կառավարության, նաեւ իմ աջակցությամբ»:

Excuse me…
Երեկ  դեպի Ծիծեռնակաբերդ  երթի ընթացքում ՀԱԿ անդամները սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց վերջինս այդպես էլ չմիացավ ո՛չ երթի ընթացքին,  ո՛չ էլ հուշահամալիրի մոտ: Փոխարենը Ծիծեռնակաբերդի ծառուղու սկզբում ՀԱԿ-ին միացավ Տեր-Պետրոսյանի  կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Հարցին, թե ինչու երիտասարդներին չի միացել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ արդյոք պատճառը նրա վատառողջ լինելն է, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Excuse me, Ձեր բոլոր հարցերն ուղղե՛ք առաջին նախագահին, բայց, այո՛, նա փոքր-ինչ գրիպ է»:




Լրահոս