Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին:
Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ:
Գրիպի տեսակներ և ենթատեսակներ, մասնավորապես՝ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա H3N2 ենթատեսակները և Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ` միայն 10 երկրում:
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:
Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին:
Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով և վերակենդանացման բաժանմունքներում բուժման դեպքեր արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն (47 հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում): Դեպքերն արձանագրվել են 15-64 տարեկան անձանց շրջանում:
Վերջերս զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմտյան նահանգներում (Քերման, Սիսթան և Բելուջիսթան) գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակով (խոզի գրիպ) պայմանավորված համաճարակային լարված իրավիճակի մասին՝ 33 մահվան ելքով։ Իրավիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակով հարցում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ստացված տեղեկատվությունը կտրամադրվի հանրությանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։ Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ:
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով`
– խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
– եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
– հագնվե´ք եղանակին համապատասխան,
– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
– հետևե´ք անձնական հիգիենային: