«Ազատության» լրագրողներին հանրաքվեի ընթացքը լուսաբանելը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց, իր լիազորություններն իրականացնելու ժամանակ, հիշյալ շտաբից դուրս է եկել ինքնությունը չպարզված տղամարդը, ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը՝ խոչընդոտելով տեսանկարահանման բնականոն ընթացքը և պահանջել է հանձնել տեսախցիկը կամ հիշողության կրիչը:

Բացի այդ, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ շտաբի դիմաց ինքնությունը չպարզված կինը դուրս է եկել շտաբից, մոտեցել է իրեն` կրկին պահանջելով դադարեցնել նկարահանումները և հեռանալ: Այնուհետև նույն կինը հրել է իրեն` վիրավորանքներ հնչեցնելով ինչպես իր, այնպես էլ՝ նույն ռադիոկայանի օպերատորի հասցեին: Այս կերպ՝ ինքնությունը չպարզված անձինք, դիտավորյալ գործողություններով, խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ա. Մկրտչյանի և օպերատոր Գ. Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը:

«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս