«ԲԱԽՏ ՉՈՒՆԵՑԱ ՈՒՐԱԽ ՀԱՅԻ ՀԱՆԴԻՊԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հազարավոր հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 98 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին: Երեկ «Ժողովուրդ»-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում զրուցեց մի քանի սիրիահայերի հետ, որոնք այս կարճ ժամանակահատվածում հասցրել են հիասթափվել Հայաստանում տիրող սոցիալական վատ պայմաններից:
Սիրիահայ Ժոյել Հացագործյանը յոթ ամիս է, ինչ ամուսնու եւ երեխաների հետ ապրում է Հայաստանում. «Մենք ալ 7 ամիս է՝ հոս ենք: Շատ գեղեցիկ եւ աղվոր երկիր է: Այսօր (երեկ-Ս.Հ.) մեզ համար շատ հուզիչ օր էր, քանի որ երբեւէ այս հուշահամալիր եկած չէինք: Ճիշտ է, Սիրիայում կառուցված այսպիսի Ծիծեռնակաբերդ չունեինք, բայց մենք ամեն տարի այս օրը գնացել ենք մեզ մոտ գտնվող Եղեռնի զոհերի շիրիմներին: Աս մեզի համար երազ էր, որ առաջին անգամ ասանկ տեղ մըն էինք՝ թե՛ հուզվեցանք, թե՛ ուրախացանք: Առաջին անգամ ըլլալով հայրենիքին մեջ՝ ուր որ կերթանք, գիտենք՝ մեր հողն է, մեր ազգն է, մեր հայրենիքն է, ու ուժ կառնինք: Կուզենք Հայաստանում մնալ, բայց եթե գործերը լավ ըլլա, բոլոր հայերը կուգան, չեն մնար Սիրիայում: Այդ դեպքում ոչ մի հայ չի մնա այնտեղ, կարեւորը աշխատանք ունենալն է: Ճիշտ է, ամուսինս հիմա աշխատում է, բայց վճարումները քիչ են: Չի կարելի…  Ես վարձ եմ տալիս, սնունդ եմ գնում, հոսանքի, ջրի վճարումներն եմ կատարում, չի բավականացնում: Սա է իրականությունը: Եթե գործդ, անձնականդ լավ ըլլա, դու հանգիստ կապրես այստեղ, մենք հոն՝ Սիրիայում, խնդիրներ չենք ունեցել, մեր սեփական տունն է եղել, մեքենան, խանութները: Հիմա շատ ենք դժվարանում, չի բավականացնում գումարը: Աստված անի, որ Սիրիայում ամեն բան լավ լինի, մենք նորից հետ պետք է վերադառնանք: Շատ կուզեի, որ մի ուրախ հայ տեսնեի: Բախտ չունեցա ուրախ հայի հանդիպել: Կզգամ, որ անգործություն կա Հայաստանի ղեկավարների մոտ: Երկրում խաղաղ է, պատերազմ չկա, բայց աշխատատեղ չկա: Մարդիկ պատերազմում են աղքատության դեմ»:
Իսկ 31-ամյա Շուշան Քեշիշյանը Հալեպում ապրած տարիներին մշտապես երազել է Հայաստանում մեկ օր անցկացնելու մասին. «Միայն ուրախություն է մեզ համար հոս ըլլալը: Ութ ամիս է, ինչ Հայաստանում ենք: Աղվոր երկիր է, բայց մենք անգործ ենք»:
Սիրիահայ Արփի Մակարյանն էլ առաջին անգամ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. «Շատ ուրախ ենք, որ եկել ենք Հայաստան: Շատ աղվոր երկիր է: Բայց ինչ-ինչ պատճառներով արդեն հիասթափվել ենք: Դժվարություններ կան: Աստված տա, Սիրիայում լավ լինի, մենք նորից հետ ենք դառնալու: Մենք ալ կնեղվինք Հայաստանիս այսչափ աղքատությունից… շատ աղքատ է, մենք կսպասեինք ավելի լավ Հայաստան տեսնել: Շատ կցավինք: Երկիրն աղվոր է, բայց պիտի աշխատին, որ ամեն ինչ լավ ըլլա»:
Իսկ 78-ամյա Սարգիս Կաֆվեջյանի աչքերը լցվում են, երբ խոսում է հայ գյուղացու մասին:  «Դատարկվել է երկիրս: Կիրակի օրը գնում եմ եկեղեցի՝ պատարագ լսելու, բայց մինակ ես եմ ու քահանան: Եհովայի վկաները լցվել են էս խեղճ երկիրը: Ես Հալեպից եմ եկել եւ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում եմ ապրում: Հիմա Սիրիայում է եղեռնը, ջարդը: Հայաստանը շատ լավը պետք է ըլլա, բայց երբ՝ չգիտեմ, չեմ կարող ասել: Հայ գյուղացին ուրախ չէ, մեկին այսքան ժամանակ տեսած չեմ ուրախ, բոլորը կուլան: Նրանք իրենց տները ծախում են ու գնում: Շատ է աղքատությունը, շատ… դատարկվում են գյուղերը: Մի օր հարեւանս ինձ հարցրեց. «Ո՞նց ես, հարեւա՛ն ջան»: Ես էլ մտածեցի` փառք Տիրոջը, հարցրեց իմ որպիսությունը, եւ պատասխանեցի` փառք Տիրոջը: Զարմացավ, հարցրեց` ի՞նչ ասացիր: Զարմանում եմ՝ այստեղ հայությունն ինչպես է բարեւում, հազարամյա քրիստոնյա երկիր ենք, բայց չգիտենք, թե ինչ է փառք Տիրոջը: Ցավում եմ»,-արցունքները սրբելով՝ պատմեց սիրիահայ պապիկը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս