ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ ԱՇԽԱՐՀՆ Է ՀԻՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը երեկ կդառնար 81 տարեկան, բայց փետրվարի 1-ին մահկանացուն կնքեց ԱՄՆ-ում: Մտերիմները, բռնցքամարտի մասնագետները երեկ նախ քաղաքային պանթեոնում, ապա օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանում հարգեցին նրա հիշատակը:
Ուսումնարանի տնօրեն, ՀԱՕԿ, ինչպես նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը ներկայացրեց, թե ինչպիսին էր օլիմպիական չեմպիոնը որպես մարզիկ, որպես մարդ:
«1959թ. նա ստեղծեց պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, եւ 1962թ.-ից իր սաներից մեկն եմ եղել: Վլ. Ենգիբարյանն իմ կյանքում մեծ դեր է խաղացել հատկապես մրցավարության բնագավառում: Ես փորձել եմ ինչ-որ տեղ նմանվել նրան՝ չնայած ամեն մարդ իր ձեռագիրն ունի: Մոսկվայում սպորտային վաշտում ծառայելու ժամանակ ե՛ւ մրցումներին էի մասնակցում, ե՛ւ մրցավար էի: Երբ 1966թ. վերադարձա Հայաստան, փաստաթղթերի մի փաթեթ ստացա, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ինձ շնորհել է հանրապետական մրցավարի կոչում: Բայց մինչեւ այսօր, լինելով միջազգային բարձրագույն կարգի, նույնիսկ օլիմպիական խաղերի մրցավար, ՀՀ մրցավարի կոչում չեմ ստացել»,-պատմեց Դ. Գաբրիելյանը:
Ապա հիշեց, որ երբ մոր հետ Երեւանում վարձով էր ապրում, Ենգիբարյանը տվել է մարզչական աշխատանքի իրավունք, 60 ռուբլի աշխատավարձ, որն այդ ժամանակ նրա համար մեծ փող էր, եւ ինքը կարողացել է ոտքի կանգնել. «Երբ արդեն միջազգային կարգի մրցավար էի, նրա հետ շատ տեղերում եմ եղել, ճանապարհի շատ լավ ընկեր էր, հումորը միշտ տեղն էր, մինչեւ հիմա հիշում եմ նրա մտքերը: Կան վերջին տարիների օլիմպիական չեմպիոններ, բայց շատերը կարող է չհիշեն նրանց, իսկ Վլ. Ենգիբարյանին մինչեւ այսօր ամբողջ աշխարհն է հիշում: Բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը` եռակի օլիմպիական չեմպիոն Լասլո Պապը, ասում էր, որ երկրորդ մարդ բռնցքամարտում, ինչպիսին Ենգիբարյանն է, ինքը չի տեսել»:
Երեկ հավաքվել էին աշխարհահռչակ բռնցքամարտիկի ընտանիքի անդամները, վետերան բռնցքամարտիկները, մարդիկ, որոնք հիշում են Ենգիբարյանին: Հրավիրվել էին նաեւ հավաքական թիմի երիտասարդ բռնցքամարտիկները, որոնց համար երեկվա միջոցառումը  դաստիարակչական նշանակություն ուներ: «Նրանք կզգան` ինչ հարգանքի է արժանանում մեծ սպորտսմենը, եւ իրենք էլ կձգտեն դառնալ այդպիսին: Ի դեպ, ՀԱՕԿ նախագահը նույնպես այդ դպրոցի սան է եղել եւ չի մոռացել, որ իր առաջին քայլերը սպորտում եղել են բռնցքամարտում… Երեւի կհիշեք, որ մի քանի անգամ անց ենք կացրել Գագիկ Ծառուկյանի գավաթի միջազգային մրցաշար, եւ ՀԱՕԿ նախագահը որոշում ընդունեց, որ, 2014-ի ապրիլից սկսած, այդ մրցաշարը պետք է նվիրված լինի օլիմպիական չեմպիոն Վլ. Ենգիբարյանի հիշատակին: Նաեւ այդպիսով կհարգենք նրա հիշատակը»,-ամփոփեց Դ. Գաբրիելյանը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս