Հայաստանը և Գերմանիան շահագրգռված են երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Բեռլին։

Նույն օրը կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեցին, որ երկու երկրներն էլ շահագրգռված են երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։

Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում տարբեր բնագավառներում հայ-գերմանական համագործակցությունը նոր թափ է ստացել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ հետևողական ջանքերով երկու երկրների միջև հարաբերությունները հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Գերմանիան Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է, և շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին ԳԴՀ շարունակական աջակցության համար:

Գոհունակությամբ ընդգծվեց, որ առկա է շուրջ չորս տասնյակ պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ, զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում, բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները, ակտիվանում է գիտակրթական և մշակութային համագործակցությունը, ընդլայնվում են գործարար կապերը. Հայաստանում գործում են գերմանական կապիտալով շուրջ 100 ընկերություն:

Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ գործողությունների շրջանակներում, մասնավորապես՝ Աֆղանստանում։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների իրականացմանը, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, Միջին Արևելքում իրավիճակին, սիրիական ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին:

Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները: Կարևորվեցին նախօրեին մեկնարկած Հայաստան – ԵՄ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները։

Գալիք տարի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համատեքստում Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային հարցերի, Բելգրադի նախարարական խորհրդի արդյունքների, գերմանական նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը:

Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրեց Գերմանիայի արտգործնախարարին այցելել Հայաստան։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Դեկտեմբերի 9-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Գերմանիա – Հայաստան ֆորումի ներկայացուցիչների հետ՝ Բունդեսթագի պատգամավոր, ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի գլխավորությամբ։

Հանդիպմանը Ալբերտ Վայլերը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և կառույցի ծրագրերը։

Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց ֆորումի գործունեությունն՝ ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Մտքերի փոխանակում ծավալվեց հայ-գերմանական հարաբերությունների, Հայաստան – ԵՄ համագործակցության, արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։




Լրահոս