«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն Ադրբեջանի կողմից դեկտեմբերի լույս 9-ի գիշերը հրետակոծելու, դրա հետեւանքով զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանի զոհվելու ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հիմա պարզաբանենք, թե ինչու: Հայոց բանակին առնչվող տեղեկությունների ուղղակի կամ անուղղակի արտահոսքը սովորաբար իրականացվում է նախարարի համաձայնությամբ, Տոնոյանի ձեռամբ, որն անմիջական պատասխանատվություն է կրում այս գերատեսչության վարած քարոզչության համար: Եւ երբ նախօրեին հերթական տեսագրությունը հրապարակվեց, որում երեւում էր, թե ինչպես է ՀՀ զինուժը ոչնչացնում ադրբեջանական դիրքը, հասկանալի էր, որ չէր կարող առանց թույլտվության սպրդել: Կադրերից հասկանալի է դառնում, որ հրապարակվածը սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին իրականացված գործողությունների տեսագրություններից է, ինչը շարքային քաղաքացիների եւ օգտատերերի մոտ ոգեւորություն էր առաջացրել:
Իհարկե, այն, որ ամեն հայ զինվորի մահվան դիմաց հայկական կողմը պետք է տասով պատասխանի, կասկածից վեր է: Բայց որքանո՞վ է ճիշտ ռազմական գործողության տեսագրությունը հրապարակելը՝ առանց այդ էլ լարված աշխարհաքաղաքական այս իրավիճակում, ինչի մասին երեկ ԱԺ-ում խոսեց նաեւ հենց ՊՆ Սեյրան Օհանյանը: Այդ տեսագրությունը համացանց գցելիս չէի՞ն հասկանում, որ ադրբեջանական կողմը, անգամ 10-20 զինվորների կյանքի գնով, պարտավորված է լինելու ագրեսիվ պատասխան տալ` թեկուզ համացանցում տեսանյութ տեղադրելու համար:
Իսկ ովքե՞ր էին տարածողները. մարդիկ, որոնք մինչեւ վերջերս պետական բյուջեից վճարված «նպաստներով» համացանցում ադրբեջանական քարոզչությանն էին հակադարձում, ինչն ավելի ողջունելի գործառույթ էր, քան համացանցային հերոսների հրճվանքն ապահովելն ու ՊՆ Սեյրան Օհանյանի իմիջը բարձրացնելու համար տեսանյութ տարածելը: Դրա համար վճարեցինք ազգովի՝ երիտասարդի կյանքով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: