ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎՐԱ ԱՆՀԻՄՆ ԿԱԼԱՆՔ ԵՆ ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մեր դատաիրավական համակարգի թերի աշխատանքի, դատավորների, նոտարների եւ պատկան այլ մարմինների միջեւ կնքված ստվերային գործարքների արդյունքում տուժում են բարեխիղճ եւ օրինապաշտ քաղաքացիները, ցավոք, չի հուզում իշխանություններին:
«Հարգելի՛ պարոն Նախագահ,
14.11.2011թ. կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրով Արմինե Հակոբյանից գնել եմ Երեւան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի 29 բնակարանը, որի նկատմամբ ՀՀ ԿԱ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարվել է պետական գրանցում:
Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում քննվող թիվ 10138721 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալվարդ Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ կեղծ լիազորագրի հիման վրա դարձել է իր մոր՝ Մարգարյան 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի 29 բնակարանի սեփականատեր եւ առանց քրոջը՝ Պայծառ Սարիբեկյանին տեղեկացնելու բնակարանը վաճառել Արմինե Հակոբյանին: Ինչպես արդեն նշեցի, ես էլ այդ բնակարանը գնել եմ Արմինե Հակոբյանից` բարեխղճորեն կատարելով բնակարանի գնման հետ կապված բոլոր վճարումները:
Սակայն 13.01.2013թ. որոշմամբ քննիչ Հ. Խեդոյանը կալանք է դրել իմ բնակարանի վրա` վերը նշված գործով դատական ծախսերը եւ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով:
Իմ բողոքի հիման վրա Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2013թ. որոշմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել իմ բնակարանի վրա դրված կալանքը:
Սակայն 15.04.2012թ. բնակարանս կալանքի վերցնելու մասին կայացված որոշումն անօրինական է, այն ակնհայտ կերպով հակասում է ՀՀ քր. դատ. օր.-ի պահանջներին եւ  վկայում քննիչի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասին:  Իհարկե, քննիչ Հ. Խեդոյանը բնակարանիս վրա կալանք դնելու որոշումը պատճառաբանել է Պ. Սարիբեկյանին պատճառված վնասը վերականգնելու եւ նրա կողմից ներկայացված քաղաքացիական հայցի բավարարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Այդուհանդերձ, կրկնեմ, որ ՀՀ քր. օր.-ի 55-րդ հոդվածի համաձայն՝ բռնագրավում կարող է կիրառվել միայն դատապարտյալի սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ: Ավելին, նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բռնագրավման ենթակա չէ … բարեխիղճ երրորդ անձի գույքը, իսկ նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ բարեխիղճ երրորդ անձ է հանդիսանում այն անձը, որը … ձեռք է բերել գույք, բայց չգիտեր եւ չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով: ՀՀ քր. դատ. օր.-ի 168 եւ 169 հոդվածների համաձայն՝ դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից կամ կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա: Մինչդեռ վերը նշված բնակարանն իմ սեփականությունն է, իսկ ինքս դատապարտյալ չեմ:
Հարգելի՛ պարոն Նախագահ, հայտնելով քննիչի եւ դատախազության աշխատողի կողմից կատարված ապօրինությունների մասին՝ խնդրում եմ Ձեր միջամտությունը վերջիններիս պատասխանատվության ենթարկելու եւ իմ խախտված իրավունքները վերականգնելու հարցում. ես ցանկանում եմ տնօրինել իմ սեփականությունը»:

Դիմող՝ Անժելա Պողոսյան




Լրահոս