«ԵՍ ՖԻԿՈՒՍ, ՔԱՄԵԼԵՈՆ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է սիրված երգիչ ԱՐԱՄՈՆ, ում հետ զրուցեցինք ներքաղաքական իրավիճակից, իր դիրքորոշումից ու հայ հասարակությունից:  
-Հետաքրքրվո՞ւմ եք` ինչ է կատարվում այսօրվա ներքաղաքական դաշտում:
-Չեմ հետաքրքրվում, ախր այս ամենի մեջ ինչ-որ ֆալշ կա: Մեր կյանքի, մեր երկիր մոլորակի մեջ էլ ֆալշ կալ: Մի տեսակ անհասկանալի բաներ են կատարվում: Սիրո պակասություն կա, եւ չարությունը գերակշռում է, կարծես մոլորակը խելագարվել է, մասամբ նեգատիվ է:
-Իսկ եթե վերադառնանք մեր իրականությա՞նը:
-Ինչքա՞ն կարելի է դնել ու սեւացնել, ասել` ազգն էսպես ա, էնպես ա: Հասկանում ենք, բայց կան, չէ՞, նաեւ պոզիտիվ բաներ, ինչ խոսք, տեսնում ենք նաեւ մինուսներն ու բացթողումները: Ով էլ որ լինի պաշտոնյա, պետք է մտածելակերպը պետական լինի, ոչ թե իր անձնական շահի համար գործի: Էդպես հաստատ պետություն չեն կառուցի: Պետք է մտածեն, որ ամեն մեկին մայր է բերել, ոնց որ ցանկացածիս, ու ամեն մեկն ուզում է իր չափաբաժնով հանգիստ ապրել: Ինչո՞ւ պետք է մեկը լավ ապրի, իսկ մյուսը հացին կարոտ լինի, ինչո՞ւ:
-Նախկինում մարդիկ վատ չե՞ն ապրել:
-Երբ հիշում եմ իմ երիտասարդության տարիները, եղել են նաեւ բացթողումներ, բայց մարդիկ գոնե սոցիալապես կարողացել են ապահով լինել: Ցավն այն է, որ մենք միջին խավ չունենք: Մինչդեռ ամեն տեղ շարժիչ ուժը հենց միջին խավն է: Կան մարդկային տեսակներ, որոնք անհասկանալի կերպով դղյակներ են առել, բայց «ա»-ն «բ»-ից չեն տարբերում, դե «կուլտուրա» բառի մասին ընդհանրապես մոռանում ենք, դա իրենց չի համապատասխանում: Նման կերպարները պետք է մաքրվեն մեր իրականությունից:
-Այս ամենից ելք տեսնո՞ւմ եք:
-Ես ցանկանում եմ, որ մեր նախագահը շատ կոշտ լինի: Տվյալ պարագայում Սերժ Ազատիչն է, կուզեի, որ ինքը կոշտ գործի, կոշտ դիրքորոշում ունենա: Ուզում եմ, որ մեր նախագահը  բռունցք ցույց տա, որ ամեն ինչ իր տեղն ընկնի: Ես վստահ եմ, որ մենք շատ սիրուն պետություն կունենանք, ուղղակի պետական մտածողություն է պետք, որ ոչ ոք իր շահի մասին չմտածի, չասի` էսքանն իմն է, էնքանը՝ ուրիշինը: Դրա համար մարդ պետք է մարդ մնա: Կյանքը շատ արագ է ընթանում, եւ դեռ լիքը գործեր ունես անելու քո ասպարեզում, լինես բժիշկ, շինարար, թե արվեստի մարդ, կարեւորը քո խղճի ու գենի հանդեպ մաքուր լինես: Կարեւոր բան է, երբ գլուխդ բարձին հանգիստ ես դնում:
-Հայ հասարակության մասին ի՞նչ կասեք:
-Շատ եմ զարմանում մեր ժողովրդի վրա, որի մասնիկը նաեւ ես եմ: Ամեն ինչ սկսվում է սեփական տան շեմից: Շատ անգամ եմ նկատել, որ աղբը գցում են հենց իրենց ոտքի տակ: Մի՞թե այս պարագայում էլ է կառավարությունը մեղավոր: Բայց եղբա՛յր, դու ես գցում, մի՛ գցիր: Արտասահմանում որ լինեիր, այդ ծխախոտը կգցեի՞ր, չէիր գցի, չէ՞:  
-Ինչպե՞ս պետք է նման խնդիրների դիմացն առնել:  
-Այս ամենից ելք կա, դժվար բան չէ: Օրենք է ընդունվում ու շատ կոշտ` սկսած քո մտերիմից, հարազատից, բարեկամից… Դուք հասկանո՞ւմ եք՝ ես ինչ եմ ասում… Հորաքրոջս կամ մորեղբորս տղան է, սխալ է, ինձ չի հետաքրքրում: Դու խախտել ես օրենքը, պետք է պատասխան տաս: Ով ուզում է զանգի, խնդրի, եթե դու խաբել ես պետությանը, չես ենթարկվել  օրենքին, պատժվում ես: Տարբերություն չպիտի դրվի եւ ոչ մի քաղաքացու միջեւ:
Մի հարց էլ կա, որ ինձ մտահոգում է: Կարծում եմ՝ շատ աշխատատեղեր են պետք ապագա սերնդի համար, որ երիտասարդությունը բուհն ավարտելուց հետո գործազուրկ չմնա: Մեր նախագահն այս հարցում էլ հստակ դիրքորոշում պետք է ունենա: Ես գոնե լավատես եմ ու մտածում եմ` այս ամենից ելք կա:
-Հիմա Դուք ընդդիմադի՞ր եք, թե՞ իշխանամետ:
-Ոչ մի կողմին էլ չեմ պատկանում: Նույն ընդդիմադիր դաշտում կան մարդիկ, ում կարծիքը ես շատ հարգում, սիրում եմ, իրենք էլ ինձ են ընդունում, նույնն էլ իշխանական թեւում է: Ես այն մարդկանցից չեմ, որ այս կառավարությունը եկավ, իրենց հետ եմ լավ, մյուսները եկան, նրանց կողմ գնացի: Ես ֆիկուս, քամելեոն չեմ, իմ հստակ դիրքորոշումն ունեմ:
-Եվ ո՞րն է:
-Չեմ ցանկանում բարձրաձայնել, ջա՛նս: Ես կցանկանայի, որ նույն ընդդիմադիր ու իշխանամետ կողմերը կլոր սեղանի շուրջ  նստեին, հանդիպեին, քննարկեին հարցեր` ի շահ մեր պետության: Օրինակ՝ իշխանությունն ասում է՝ սա պետք է անենք, ընդդիմությունն էլ համաձայն չէ: Թող որոշ դրույթներ միմյանց հետ համաձայնեցնեն եւ առողջ որոշումներ կայացնեն: Բայց որ ոչ մի կողմը չասի՝ մենք արեցինք, մենք որոշեցինք:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս