«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը ձայների 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքը: Քվեարկության այսպիսի պատկերն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է անվանել: Եվ խնդիրն ամենեւին բյուջեում ներկայացված թվերը չեն: Սա, թերեւս, առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ բյուջեի նախագիծը ստանում է այսքան քիչ թվով դեմ ձայներ: Սա վկայում է, որ ընդդիմություն՝ որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի: Կամ գոյություն չունի խորհրդարանում:
Բայց քանի որ խորհրդարանից բացի՝ գոյություն ունենալու մյուս վայրը փողոցն է, իսկ փողոցում եւս ընդդիմություն գոյություն չունի, պետք է արձանագրել, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի ընդհանրապես: Խնդիրը, իհարկե, այն չէ, որ ավելի շատ դեմ ձայները կարող էին տապալել բյուջեի նախագծի ընդունումը, պարզապես բյուջեի մասին օրենքը յուրահատուկ կատալիզատոր է, որը ցույց է տալիս երկրում իրական ընդդիմության առկայությունը: Հայաստանում իրականում մնացել են քաղաքական ուժեր, որոնք անվանապես զբաղեցնելով ընդդիմության տեղը, իրականում ամբողջությամբ գործում են իշխանության դաշտում:
Այդ հարցում առաջատարը, իհարկե, Դաշնակցությունն է, որի ներկայացուցիչները երեկ խորհրդարանում ընդհանրապես չմասնակցեցին բյուջեի մասին օրենքի քվեարկությանը: Չմասնակցեցին, բայց շարունակում են իրենց անվանել ընդդիմություն: Իրենց անվանում են ընդդիմություն՝ շունչները պահած սպասելով, թե երբ է իշխանությունը բարեհաճելու կոալիցիա կազմել ու մի քանի նախարարական պորտֆել տալ: Միգուցե՝ նաեւ մեկ-երկու մարզպետի կամ վարչության պետի… Բայց բյուջեի քվեարկությունն ընդդիմության բացակայության մասին վկայող միակ ապացույցը չէ:
Կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 400 հազար քաղաքացիներ «Ոչ» քվեարկեցին: Այդքան քաղաքացի իրականում «Ոչ» էր ասել ոչ թե՝ Սահմանադրությանը, այլ՝ այն ներկայացրած իշխանությանը: Այսինքն՝ Հայաստանում, ամենանվազագույն հաշվարկով, 400 հազարից ավելի քաղաքացի դեմ է իշխանությանը, կամ որ նույնն է՝ ընդդիմադիր է: Սակայն փողոցում իշխանության դեմ պայքարող ընդդիմությունն այդ բողոքական զանգվածի անգամ 1 տոկոսին չի կարողանում հրապարակ բերել:
Չի կարողանում, որովհետեւ, ինչպես իշխանությունը՝ զրկված է հանրային վստահությունից, չի կարողանում, որովհետեւ, ինչպես իշխանությունը՝ չունի որեւէ գաղափար կամ սկզբունք, բացի հանրահավաքային ճոռոմ կարգախոսներից: Հայաստանում չկա ընդդիմություն, իսկ դա նշանակում է, որ չկա նաեւ իշխանություն: Քանի որ իշխանության ներկայացուցիչների ամենասիրած արտահայտությունն այն է, որ «առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ իշխանություն»:
Իսկ քանի որ չկա ընդդիմություն, չկա նաեւ իշխանություն: Կան խմբեր, որոնք զբաղեցրել են ընդդիմության եւ իշխանության տեղերը եւ իբրեւ թե պայքարում են իրար դեմ: Իրականում նրանք պայքարում են հասարակության դեմ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ ուս ուսի տված: Բայց հասարակությունը եւս մասնակցում է իր դեմ պայքարին: Մի մասը՝ ընտրությունների, վերջին դեպքում՝ հանրաքվեի ժամանակ մաս կազմելով իշխանության ընտրակեղծիքներին, ավելի պակաս մասը՝ ժամանակ առ ժամանակ գնալով հրապարակ ու մասնակցելով իբրեւ թե իշխանության դեմ պայքարին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: