Հայաստանյան երգարվեստի «աստղերն» ու «աստղիկները» կլկլոցներով ներկայացնում են ոչ միայն նորօրյա, այսպես կոչված, երգահանների երգերը, այլեւ սկսել են աղավաղել նաեւ մեծերին` Սայաթ-Նովային, Կոմիտասին: Դրա վառ օրինակը Լիլիթ Հովհաննիսյանի եւ Սիրուշոյի երգերն են:
«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց իր կարծիքը Կոմիտասի եւ ընդհանրապես ազգային, ժողովրդական երաժշտության խեղաթյուրումների մասին:
«Խայտառակություն է 21-22 տարեկան անկախ պետության համար, որ մշակույթի մասին օրենք չունի: Չկա այն օրենքը, որը կարգելի առանց թույլտվության կատարել ազգային արժեքները, էլ չեմ խոսում դրանք աղավաղելու կամ պղծելու մասին: Որեւէ մեկն իրավունք չունի «Հորովել»-ի նման երգերը, «Քոչարի»-ի նման պարերը, որոնք ազգային արժեքներ են, հինգհազարամյա, յոթհազարամյա, միգուցե տասհազարամյա մեր պատմության ամենագլխավոր կերտումներից, արարչագործություններից են, սրբապղծել, ըստ իր քմահաճույքի՝ քնից զարթնել եւ ինչ-որ մեկնություն տալ դրանց` հակասելով հենց այդ նույն մշակույթին: Ժամանակին ինչ-որ պարեր, երգեր եղան, «Քոչարի»-ի մի կտոր, խցկած ինչ-որ թուրքախառն ելեւէջներով երգերի մեջ, «Եվրատեսիլ» տարան: Ընդհանրապես պետությունը պիտի ընդունի որոշում, տարբերակի, առանձնացնի մշակութային լավագույն ժողովրդական, ազգային հարստությունները, եւ դրանք անձեռնմխելի համարվեն: Կոմիտասին աղավաղելը նույն բանն է, որ այսօր ինչ-որ մեկը ելնի եւ Սասունցի Դավթի արձանը փորձի ուրիշ ձեւով քանդակել: Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ վերցնի բրիչն ու մուրճը եւ սկսի, ասենք, Սասունցի Դավթի սրի կամ գլխի ձեւը փոխել, ասի` ես այսպես եմ պատկերացնում, սա իմ պատկերացրած Սասունցի Դավիթն է»,-վրդովմունքով նշեց Գ. Գինոսյանը:
Ապա, նորից դառնալով երաժշտությանը, հավելեց. «Թող յուրաքանչյուրն իր հանճարին, իր տաղանդին հարազատ երգ գրի եւ իր անունից հանդես գա, այլ ոչ թե Կոմիտասի կամ մեր ազգային այլ հարստությունների: Ընդ որում, նման քայլերը ոչ միայն պետք է արգելվեն, այլեւ պետք է դատապարտվեն բառացիորեն որպես քրեական հանցագործություն: Այդ մարդիկ ուղղակի դավաճաններ են եւ քրեական հանցագործներ: Մենք գոռում ենք աշխարհով մեկ, որ Ֆրանսիան պետք է քրեորեն դատապարտելի համարի Հայոց ցեղասպանության մերժումը, բայց մեր ազգային մշակույթը պղծողները նույն ցեղասպանության շարունակողներն են, որովհետեւ ամենամեծ արժեքը մեր մշակույթն է, որը մեր տեսակն է պահում: Ցեղասպանությունն այսօր արյամբ, բայց ոչ տեսակով հայ մարդկանց ձեռքով շարունակում է օտարը, Հայաստանում տեղի է ունենում մշակութային ինտերվենցիա, եւ ինչ-որ մարդիկ դրսի գումարներով հայոց մշակույթը պղծելու պատվերներ են կատարում»:
«ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ