Ծանր հանցագործության դեպքով գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կ.-ն ինքնությունը չպարզված անձանց հետ Գավառ քաղաքի հասարակական բնակելի շենքերից մեկի շրջակայքում ծագած վիճաբանության ժամանակ որպես զենք օգտագործվող առարկաների՝ ծալովի դանակի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացիներ Գրիշա Զ.-ին, Սերյոժա Ղ.-ին և Գարսևան Ս.-ին: Հիշյալ վիճաբանության ընթացքում ինքնությունը չպարզված անձինք, դիմադրություն ցույց տալով հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով միջամտած Թամարա Մ.-ին և Արթուր Մ.-ին, ձեռքերով հարվածել և մարմնական վնասվածք են պատճառել վերջիններիս, իսկ Էմիլ Կ.-ն հանել է իր մոտ պահվող որպես զենք օգտագործվող օդամղիչ ատրճանակը, որի բռնակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գարսևան Ս.-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս