Էլ Չապո («Թզուկ») մականունով մեքսիկացի նարկոբարոն Հոակին Գուսմանը, ով այժմ հետախուզման մեջ է գտնվում, էլեկտրոնային նամակ է ուղարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, որում նա սպառնում է զինյալներին թմրանյութերի ոչնչացման համար, գրում է Lenta.ru-ն:
«Սինալոա» նարկոկարտելի ղեկավարը դժգոհ է ահաբեկչական խմբավորման գործողություններից: Իսլամիստներին ուղղված ուղերձում Թզուկը լրջագույն սխալ է անվանում Մերձավոր Արևելքում կարտելի բիզնեսին միջամտելու՝ ահաբեկիչների փորձերը:
Իր նամակում նա նշում է, որ նրա մարդիկ «կվերցնեն պարտքը» իսլամիստների ներկայացուցիչներից և կոչնչացնեն նրանց, եթե վերջիններս շարունակեն միջամտել նրա օպերացիային:
Էլ Չապոն փախուստի է դիմել մեքսիկական բանտից հուլիսի 12-ին: Նրա փախուստի համար 10 մետր խորությամբ 1,5 կմ երկարությամբ թունել էին փորել: Հուլիսի 14-ին Մեքսիկայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են մոտ 4 մլն դոլար վճարել վկայությունների համար, որոնք կօգնեն գտնել Էլ Չապոյին: Սա նրա երկրորդ փախուստն էր խիստ ռեժիմի բանտից: Առաջին անգամ նա ձերբակալվել էր և 20 տարվա ազատազրկման ենթարկվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան