ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ամուսնացած եմ եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով հիմա ես ու կինս ամուսնալուծվել ենք, եւ արդեն երկու տարի է՝ միասին չենք ապրում: Ունենք մեկ աղջիկ: Նշեմ, որ պարտաճանաչ կերպով վճարում եմ ալիմենտ, եւ շաբաթվա մեջ որոշակի օրեր են սահմանված իմ ու աղջկաս հանդիպման  համար: Բավական երկար ժամանակ լուր չունենալով աղջկանիցս՝ պարզեցի, որ նախկին կինս առանց իմ գիտության, թաքուն վերցրել է դստերս ու մեկնել Ֆրանսիա: Ի դեպ, երեխաս անչափահաս է: Կցանկանայի իմանալ՝ նրա արարքը քրեորեն պատժելի՞ է, եթե այո, ապա ո՞ր օրենքով: Խնդրում եմ մեջբերել համապատասխան օրենքը:  

Արայիկ Պողոսյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի խնամքը հանձնված է մորը, եւ նա որոշել է իր երեխային տանել երկրից, մեր պետությունն էլ անձնագիր է տվել անչափահաս երեխային: Այստեղ հակաիրավական ոչինչ չկա: Որեւէ հիմնավորում, որ մայրը տարել թաքցրել է երեխային, նույնպես չկա: Նա միգուցե արտագնա աշխատանքի է մեկնել կամ տեղափոխվել է երկրից այլ տեղ ապրելու համար: Այս առումով եւս որեւէ հիմնավորում լինել չի կարող, որովհետեւ նա մասնակցում է իր երեխայի դաստիարակությանը: Կրկնում եմ՝ սա հակաիրավական չէ եւ պատժելի չէ:   

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչպես են դեսպանատանը եւ օդանավակայանում Ա. Պողոսյանի նախկին կնոջը թույլ տվել արտերկիր մեկնել: Եթե, օրինակ, Ֆրանսիա մեկնած քաղաքացուհին եւ նրա դուստրն այլեւս երբեք չվերադառնան (ինչը շատ հավանական է,) կստացվի, որ երեխայի հայրը զրկվելո՞ւ է դստերը տեսնելու իրավունքից: Մյուս կողմից էլ, անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ իր իսկ խոսքով՝ շաբաթվա մեջ որոշակի օրերի դստեր հետ տեսնվող հայրը տեւական ժամանակ տեղյակ չի եղել երեխայից:




Լրահոս