![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/76EACE63-E0C0-4277-9E9F-A7C47749933F_w900_r1_s.jpg)
Ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի է: Այս մասին, դեկտեմբերի 9-ին, բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք մեր խորը ցավակցությունն ենք հայտնում վերջին միջադեպերի հետեւանքով զոհվածների կամ վիրավորվածների ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է նա:
«Մենք նաեւ հիշեցնում ենք կողմերին, որ այդ հարձակումները չեն համապատասխանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստանձնած հանձնառությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում»:
Քիրբին հիշեցրել է, որ այս ամիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ապա հավելել. «Մենք կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր քայլերը՝ բռնություններից խուսափելու եւ մթնոլորտը բարելավելու համար»: