Հայաստանում արդարադատություն որոնելը նույն է, ինչ մութ սենյակում՝ սեւ կատու, հատկապես, որ այն չկա: “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողի հետ փողոցային խուլիգանի պահվածքով զրույցի բռնված գործարար Խաչիկ Խաչատրյանի գիտակցված վիրավորանքը Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը համարեց “անձնական խոսակցություն”, որը պատժելի չէ:
Հիշեցնենք, որ երբ “Ժողովուրդ”-ի լրագրող Սոնա Գրիգորյանը զանգահարել էր Խաչիկ Խաչատրյանին՝ ճշտելու՝ արդյոք նա հարկային մարմինների հետ խնդիրներ ունի, եւ ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, գործարարը պատասխանել էր. “…Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ: Ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես”: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը, որ “հյուրախաղերով” գտնվում էր Երեւանում, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատարանում մանրամասն լսել է այս խոսքերի ձայնագրությունը, թերեւս կարմրել “ձվերի Խաչիկի” պահվածքից, սակայն երեկ կայացրեց ոչ միայն դատարանին անհարիր, այլեւ կնոջ համար անպատվաբեր մի որոշում:
Նրա գրած 25-էջանոց վճռում կարդում ենք, որ “հայցվորների կողմից ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում վիրավորանքի հրապարակային լինելը, քանի որ դա եղել է անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում՝ ոչ հրապարակային”, չկան ապացույցներ, որ “հասցված վիրավորանքը եղել է հրապարակային՝ արտահայտված պատասխանողի ցանկությամբ եւ դիտավորությամբ”: Հավանաբար տիկին դատավորի կյանքում այսպիսի անձնական բնույթի խոսակցություններ հաճախ են լինում, դրա համար նա լրագրողի մասնագիտական գործունեության շրջանակներում արված հեռախոսազանգը համարում է “անձնական խոսակցություն”: Ի՞նչ արած. լավ է՝ գոնե վճռում գրել է, որ Խաչիկի փաստաբաններն ընդունել են, որ Խաչիկն իսկապես ասել է այդ խոսքերը, պարզապես դրանք վիրավորանք չեն, քանի որ երրորդ անձ չի լսել դա: Հավանաբար դատարանը նաեւ հայերեն հասկանալու խնդիրներ ունի, քանի որ բազմիցս է նշվել, որ ձայնագրությունն արվել է բարձրախոսով, եւ Խաչիկի խոսքերը լսել են “Ժողովուրդ”-ի շատ աշխատակիցներ, բացի այդ, Խաչիկն ինքը նախապես իմացել է, որ իր խոսքերը հրապարակվելու են՝ անձամբ հորդորելով դրանք գրել՝ “գրի՛, ազի՛զ ջան…”: Այս հանգամանքը դատավորը հաշվի չի առել:
Ինչեւէ, շարունակենք ներկայացնել աբսուրդի հասնող օրենքի կամայական մեկնաբանությունը. “Խոսակցության ձայնային կրիչը չի կարող թույլատրելի ապացույց հանդիսանալ, քանի որ այն ձեռք է բերվել օրենքի խախտմամբ”: Պատկերացնո՞ւմ եք. դատավորը գրում է, թե լրագրողն իրավունք չուներ Խաչիկին ձայնագրել: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է աշխատենք, տիկի՛ն “ֆեմիդա”. ամեն լուրը ճշտելու համար գնանք, օրերով հերթ կանգնենք խուլիգան իշխանիկների կամ գործարարների դռանը, որ մի լո՞ւր ճշտենք… Ողջ աշխարհում լրագրողին հասած ինֆորմացիայի հիմնավորումը հենց ձայնային կրիչն է, որի պարունակությունը հետագայում դառնում է հանրության սեփականություն: Իսկ ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությանը, ապա դա եւս հիմք է, առավել եւս, որ երկու կողմերն էլ գիտակցել են, թե ում հետ են զրուցում: Ավելին, հեռախոսի միջոցով անգամ պաշտոնական հաղորդագրություններ են փոխանակվում:
Բայց սա դեռ ամենը չէ. Խաչիկին հաճոյանալու համար տիկին դատավորը փորձել է նաեւ “մեր հաշվին” նրան լավություն անել. “”Ժողովուրդ” օրաթերթից եւ Սոնա Գրիգորյանից, որպես դատական ծախս, փաստաբանի վարձատրության վճար բռնագանձել 100 հազար դրամ”: Լավ է, որ չի պարտադրել ներողություն խնդրենք՝ Խաչիկի եւ նրա փաստաբանների ժամանակը խլելու համար:
Հավելենք, որ այս 100 հազարը կապ չունի Խաչիկի կողմից մյուս երկու դատական հայցերով “Ժողովուրդ” օրաթերթից պահանջած 6.4 մլն դրամի հետ: Այդ հայցերով քննությունները դեռ շարունակվում են դատավորներ Ափինյանի եւ Խանդանյանի վարույթներում: Անհասկանալի ծագմամբ այս գործարարը որոշել է իր հարստությունը ավելացնել “Ժողովուրդ” օրաթերթի հաշվին:
Իսկապես, մեր երկրում ամեն ինչ իրար է խառնվել, ու արդեն դժվար է տարբերակել մարդկային տեսակները: Օրինակ՝ մեզ համար այդպես էլ անհասկանալի է, թե Խաչիկ Խաչատրյանը, ինչպես կասեր Վլադիմիր Գասպարյանը, “գողակա՞ն է գնում, թե՞”… Հա՛մ ասում է, որ հրաժարվում է ներողություն խնդրել երիտասարդ լրագրողուհուց՝ նրան վիրավորելու համար՝ կարծելով, թե հակառակ դեպքում “կկոտրվի”, հա՛մ վազում է դատարան՝ լրագրողից գումար պահանջելով: Իսկապես որ, “հիմա դու գողակա՞ն ես, թե՞…”: Գողականները դժվար թե երիտասարդ աղջկան հայհոյելուց հետո վազեին դատարան: Ամեն դեպքում, մենք խղճում ենք “ձվերի Խաչիկին”:
“ԺՈՂՈՎՈՒՐԴ”