Այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առիթը բաց չի թողնում կառավարության անդամներին նկատողություն անելու և նրանց աշխատանքի թերություններն ի ցույց դնելու համար, պարզ դարձավ նաև այսօր` կառավարության հերթական նիստի ժամանակ:
Ակնհայտ է, որ վարչապետը, տևական ժամանակ է, վրդովված է մի քանի նախարարի աշխատելաոճից ու որոշել է դրա մասին հրապարակային խոսել, քանի որ «ներքին» զգուշացումներն արդյունք չեն տալիս:
Այս անգամ գործադիրի ղեկավարի թիրախում հայտնվեցին գյուղատնտեսության, արդարադատության և էկոնոմիկայի նախարարները: Նախ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հովիկ Աբրահամյանն իր դժգոհությունը հայտնեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի շուրջ այդ նախարարությունների կատարած աշխատանքից:
Վարչապետը դժգոհեց այն պատճառով, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանն ավարտվում է, այնինչ կառավարությունը պետք է դիմի ԱԺ-ին՝ օրենքի նախագիծը երեք ընթերցմամբ հաստատելու համար, ինչը, վարչապետի գնահատմամբ, շատ վատ է։
Առաջին անգամը չէ, որ վարչապետը հրապարակավ այսպիսի նկատողություններ է «շռայլում», և այդ ամենն ունի իր պատճառները: Գաղտնիք չէ, որ շատերն են դժգոհ կառավարության աշխատանքից, և Հովիկ Աբրահամյանն այս կերպ ցանկանում է «սլաքն» իր վրայից ուղղել դեպի նախարարները` ցույց տալով, որ նրանք ևս պատասխանատվություն ունեն ստեղծված իրավիճակի համար: Աբրահամյանն այս քայլով նաև ցանկանում է ցույց տալ, որ ինքն է իրավիճակի միակ տերը, և նախարարներն էլ ենթարկվում են իրեն:
Վերջերս էլ կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր չխուսափել լրագրողների հետ շփվելուց և նիստերից հետո չփախչել հետնամուտքերով: Այս կերպ էլ գործադիրի ղեկավարը ձգտում էր լրատվամիջոցների հետ ավելի թափանցիկ աշխատելու կոչերի միջոցով նրանց միշտ աչքի առջև պահել:
Նաիրա Հովհաննիսյան