Իշխանությունը կրկին ոչնչի առջև կանգ չառավ իր «այո»-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված սույն փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսն է, որը ներկայացնում է 2005թ. սահմանադրական փոփոխությունների քվեարկության եւ դրան հաջորդած զարգացումների ուրջ սեփական տպավորությունը: Ենթադրելի է, որ ԱՄՆ ներկայիս դեսպան Ռիչարդ Միլսը երկուշաբթի առավոտյան նույն բովանդակությամբ մի փաստաթուղթ ուղարկած կլինի ԱՄՆ Պետդեպարտամենտ: Ցավալի է, սակայն, փաստելը, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության կողմնապահ վերաբերմունքը այս 10 տարիներ ընթացքում ավելի նպաստեց ընտրական համակարգի ոչնչացմանը` ի հեճուկս վերջիններիս լավատեսության:

Այսպես՝ Էվանսը նախ հայտնում է, որ քվեաթերթիկների հաշվարկի պաշտոնական արդյունքները լրջագույնս տարբերվում են ընդդիմության ու անկախ դիտորդների հնչեցրած գնահատականներից: Դեսպանը շեշտում է, որ ԵԽ 14 հոգանոց պատվիրակությունը եւս ուշադրություն է դարձրել հրապարակված թվերի ու իրական պատկերի անհամապատասխանությանը: Խոսելով ընդդիմության մասին` Էվանսը հայտնում է, որ նրանք փորձում էին հանրաքվեն վերածել Քոչարյանի կառավարության լեգիտիմության հանրաքվեի:

Դիվանագետը հատկապես առանձնացնում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, որը հեղափոխություն սկսելու ու իրականացնելու կոչեր էր անում: Զեկուցագրի հեղինակը, այդուհանդերձ, պնդում է, որ չափազանց մասնատված լինելու պատճառով ընդդիմությունն իր ցույցերով հազիվ թե կարողանա լուրջ սպառալիք ստեղծել Քոչարյանի իշխանության համար: Ըստ նրա, եթե իշխանությունն էլ իր հերթին բռնության դիմի, այդ եղանակով կմիավորի ընդդիմությանն ու կստեղծի այն վտանգը, որից փորձում էր խուսափել: Այս հարցում Էվանսի տպավորությունները այսօր էլ կարող են արդիական լինել, քանզի բացի դերակատարներից, իրերի դրությունը ամենեւին չի փոխվել: Հերթական անգամ իշխանությունը հրճվում է իր «նվաճումներից», իսկ ընդդիմությունն անկարողությունից հեղափոխություն խոստանում: Ի դեպ, Էվանսը ծանուցում է, որ քարոզարշավի սկզբում իշխանությունները պասիվ էին գործում, սակայն, ի վերջո, ոչնչի առաջ կանգ չառան «այո»-ն անցկացնելու համար: 2015թ. հանրաքվեն եւս նույնությամբ կրկնեց այս պատկերը, երբ իշխանությունը տարբեր խողովակներով ապատեղեկատվություն էր շրջանառում, թե իբր իրեն փոփոխությունները հարկավոր չեն, այդուամենայնիվ, դեկտեմբերի 6-ին կատարվածը լիովին հակառակի մասին է խոսում:

Անդրադառնալով քվեարկության օրը` 2005թ. նոյեմբերի 27-ին արձանագրված պատկերին՝ Էվանսը հավելում է, որ շարունակաբար լուրեր էին պտտվում, թե ինչ-ինչ տեղամասերում ընտրողների կուտակումներ կան, իսկ ժողովուրդը մասնակցում է հանրաքվեին ինչպես տոնին: Դեսպանը խորհրդային ավանդույթներին հարիր է համարում այդօրինակ հաղորդումները, որ գալիս էին իշխանական աղբյուրներից: Այսուհանդերձ, դիվանագետը նկատում է, որ դիտորդներն այցելել են հենց հիշատակվող ընտրատեղամասեր եւ տեսել, որ դրանցում գրեթե մարդ չկա, մինչդեռ քվեատուփերն արդեն իսկ լիքն էին:

Հեղինակը հայտնում է, որ իշխանությունները քննադատության են արժանի այլ դիտորդական առաքելությունների չհրավիրելու համար, իսկ ընդդիմությունը` հանձնաժողովներում իր պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար: Հղում անելով ԵԽ դիտորդական առաքելության զեկույցին` Էվանսը տեղեկացնում է, որ հանրաքվեն ընդհանուր առմամբ արտացոլել է նրանց կամքը, ովքեր մասնակցել են քվեարկությանը: Բայց եւ այնպես, ընտրության օրը դիտորդները բազմաթիվ ընտրատեղամասերում նաեւ ականատես են եղել լուրջ խախտումների, որոնք հստակ ստվեր են գցել հրապարակված պաշտոնական արդյունքների վրա: Այս համատեքստում Էվանսը նաեւ մի անհեթեթ իրավիճակ է հիշատակում, երբ ԵԽ դիտորդական պատվիրակության բրիտանացի ներկայացուցիչ Ջոն Թոմլինսոնը հայտնել էր, որ իր բացարձակ վստահությամբ իշխանության հրապարակած 1.4 մլն մասնակցության թիվը կեղծիք է, սակայն միաժամանակ հավելել էր, թե իբր նվազագույն անհրաժեշտ 750 հազար քաղաքացիներ մասնակցել են քվեարկությանը: Ամերիկացի դիվանագետը մեջբերում է զարմացած լրագրողների հարցը, թե ինչպես կարող էր մի դիտորդը, լոկ 15 ընտրատեղամաս այցելելով, նման վստահ պնդում կատարել:

ԱՄՆ դեսպանը եզրափակում է, որ «թեեւ սահմանադրական փոփոխություններն իդեալական չեն, դրանք իշխանության մեծ տարանջատում են խոստանում եւ ավելի անկախ դատական համակարգ ապահովում»: Հեղինակն արձանագրում է, որ ԵԽ դիտորդական առաքելության զեկույցը կասկածի տակ է դնում իշխանության հրապարակած թվերը: Ըստ նրա` այդ զեկույցում նշվում էին լուրջ խախտումներ ու կեղծիքներ, որոնք քննություն անցնելու կարիք ունեն: Դիվանագետը նկատում է, որ դեռ ժամանակ կա մինչեւ 2007-2008թթ. ընտրաշրջանը, եւ կարելի է անհրաժեշտ բարեփոխումներն անել: Հայտնելով ՀՀ իշխանությունների, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ ավելի ջանադրաբար աշխատելու իրենց ցանկության մասին` դեսպան էվանսը կարեւորում է ժողովրդավարական մեխանիզմների ներդրումը` 2007 եւ 2008 թթ. արդար ու ազատ ընտրություններ ունենալու համար: Հարկ է, սակայն, նշել, որ դեսպանի պնդումները, թե 2005թ. սահմանադրական փոփոխությունները իշխանության տարանջատում ու արդար դատական համակարգ պիտի բերեին, չիրականացան: Այսօր իշխանությունն ավելի է հիշեցնում ամրակուռ մի բուրգ, իսկ Մարտի 1-ից հետո եղած դատերը ամենականխակալն ու հրահանգավորվածն էին Հայաստանի ողջ պատմության մեջ:

Ելնելով փաստացի իրավիճակից, եթե 2005թ. փոփոխությունների կեղծումը հանգեցրեց 2008թ. մարտի 1-ին, ապա աներեւակայելի է, թե 2015թ. արկածախնդրությունն ինչ է խոստանում 2017-18թթ. համար: Փաստ է, որ ինչքան ավելի «բարեփոխումներ» են արվում, որոնք, ի դեպ, ստանում են միջազգային հանրության հավանությունը, այնքան Հայստանում տեղի է ունենում հետընթաց ու գահավիժում:
Ն. Հովսեփյան




Լրահոս