Կարեն Անդրեասյանը պատրաստ է պաշտպանել լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճիռ կայացվեց “Ժողովուրդ” օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի հայցի վերաբերյալ, որով մերժվեց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Խաչիկ Խաչատրյանի դեմ ներկայացված` ներողություն խնդրելու պահանջը:
 
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային, անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում:
 
“Այս դեպքում քաղաքացին կրկին հանդիպեց մի իրավիճակի, երբ երրորդ անձի բացակայությամբ, ուղղակիորեն իրեն հասցված վիրավորանքի դեպքում, զրկվեց իրավական պաշտպանության միջոցի դիմելու հնարավորությունից: Ոչ հրապարակային վիրավորանքի համար պատասխանատվության բացակայության հարցը բարձրացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռևս 2011թ. ՀՀ Սահմանադրական դատարանում: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն իր հերթին որոշմամբ արձանագրել է, որ այս իրավակարգավորման բացը հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:
 
Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ոչ հրապարակային ձևով արտահայտված վիրավորանքի դեմ պաշտպանության նախատեսմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը, քանի որ ոչ ՀՀ օրենսդրությունը, և ոչ էլ դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան չեն ապահովում ոչ հրապարակային վիրավորանքից` անձի արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պատրաստվում է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ՝ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում արված արտահայտությունների բնույթի հստակեցման նպատակով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու խնդրով”,- ասված է պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս