«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի խորհրդարանում նորից հիշել էին մեր երկրում կեղծ դեղեր վաճառելու խնդրի մասին: Քննարկումների առիթը 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան էր, որը ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը: Ու պատգամավորները մեկը մյուսին հերթ չէին տալիս դեղերի կեղծման խնդրի մասին խոսելու` տպավորություն ստեղծելով, թե իբր ամենամտահոգն են Հայաստանի բնակչության առողջությամբ:
Ելույթների բովանդակությունն այնքան արհեստական էր, որ ազգընտիրների պաթոսը երբեմն ծիծաղ էր առաջացնում: Բանն այն է, որ բոլոր պատգամավորներն անհասցե, հռետորական հարցեր էին բարձրացնում: Եթե հայկական իրականությունից անտեղյակ մեկը լսեր, կկարծեր, թե ինչ-որ դավադիր ուժեր են կեղծված դեղորայք մատակարարում Հայաստանի դեղատներին: Ո՞ւմ է անհայտ, թե ովքեր են կեղծարարները: Ու եթե տարիներ շարունակ ՀՀ առողջապահության ոլորտի որեւէ պաշտոնյայի չի հաջողվում խնդիրը կարգավորել, ուրեմն անիմաստ են նաեւ այդ թեմայով հերոսանալու փորձերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: