Իրանում շարունակվում են բողոքի արձագանքները Բաքվի Նարդարան ավանում շիա իսլամիստների դեմ ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով իրանական ԶԼՄները, Թավրիզում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց` պահանջելով վերջ դնել շիաների նկատմամբ բռնաճնշումներին: Նրանք բողոք են հայտնել, որ Ադրբեջանում իսլամական շարիաթը չի գործում, եւ պահանջել են վերացնել Ադրբեջանում գործող աշխարհիկ կանոնները:
Իրանական հեռուստաալիքները եւ էլեկտրոնային մամուլը լայնորեն լուսաբանել են ակցիան: Նարդարանում շիա իսլամիստների դեմ բռնաճնշումներն ավելի վաղ դատապարտել են Իրանի հոգեւոր եւ պաշտոնական շրջանակները եւս:
Իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալության համաձայն` ուրբաթօրյա աղոթքի ընթացքում Իրանի հոգեւոր հայր Խամենեի ներկայացուցիչ
այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին հայտարարել էր, որ եթե Բաքուն Նարդարանում վերջ չդնի շիաների դեմ բռնաճնշումներին, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ
հարաբերությունները կարող են վերանայվել` Նարդարան ավանում իրադարձություններն անվանելով «տարերային, հեղափոխական շարժում»:
Մոջթահեդ Շաբեսթարին հիշեցրել է Նարդարանի շիա բնակչության նկատմամբ իրանական չինովնիկների պարտավորությունների մասին եւ ընդգծել.
«Այդտեղ ստեղծված իրավիճակի կարգավորման եւ նարդարանցիների նկատմամբ բռնաճնշումներին վերջ դնելու համար անհրաժեշտ է դիվանագիտական
մեթոդներ կիրառել: Հակառակ դեպքում, եթե դա տեղի չունենա, Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանի Իսլամական Հանրապետության մեջեւ
հարաբերությունները վերանայվելու են»:
Նարդարանի իրադարձությունների հետ կապված Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ
Մանսուր Հագիգաթփուրն էլ Ադրբեջանի իշխանություններին մեղադրել էր «Նարդարանում հավատացյալներին ճնշելու եւ ռեպրեսիաների ենթարկելու մեջ»,
եւ հայտարարել, որ «Ադրբեջանի իշխանությունները պետք է դաս քաղեն տարածաշրջանի բռնապետերի ճակատագրերից»:
Բացի այդ, իրանական Արդեբիլ քաղաքի փողոցներից մեկում Նարդարանում ոստիկանության բռնաճնշումների հետեւանքով զոհված իսլամիստներին
«ճնշված նահատականեր» հայտարարող ցուցատախտակ էր տեղադրվել:
Ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում նոյեմբերի 26ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների
արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեն եւ եւս 32 հավատացյալներ: Ոստիկանների գործողությունները զայրացրել
են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ
սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի այլ շրջաններում` Գյանջայում, Լենքորանում
եւ այլ քաղաքներում:
Ադրբեջանի ՆԳՆը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները
ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»:
Բելգիայի Գենթի համալսարանի պրոֆեսոր Բրունո դե Կորդյեն, մեկնաբանելով նարդարանյան իրադարձություններն, ընդգծել էր, որ այդ առիթով Ադրբեջանի
իշխանութունների նյարդայնությունը պայմանավորված է արաբական գարնան հոգեբանական ազդեցությանբ եւ Ուկրաինայում իրադարձություններով:
«Նրանք անհանգստացած են, որ ինչ որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ իրենց մոտ»,-ընդգծել է բելգիացի պրոֆեսորը: