Ռուսական իշխանությունները սկզբնապես պլանավորում էին գալիք տարում 1,2 միլիարդ դոլար ծախսել Սիրիայում ռազմական օպերացիայի համար: «Իսլամական պետության» դեմ ռազմական օպերացիայի սկզբից ՌԴ-ն օրական մոտ 4 միլիոն դոլար է ծախսել, սակայն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման արձակեց ուժգնացնել ռմբակոծությունները, ծախսերը ավելացան 2 անգամ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Լոնդոնում պաշտպանական հետազոտությունների Թագավորական միավորված ինստիտուտի գնահատականի համաձայն՝ եթե Ռուսաստանը նոյեմբերի կեսերից մոտ 4 մլն դոլար էր ծախսում սիրիական քարոզարշավի համար, ապա այն բանից հետո, երբ Թուրքիան կործանեց ռուսական ինքնաթիռը, օրական ծախսերը հասան մինչև 8 մլն դոլար (տարեկան մոտ 3 մլրդ դոլար):
Այն մասին, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական օպերացիայի համար օրական մինչև 4 մլն դոլար է ծախսել՝ դեռ հոկտեմբերին գրում էր The Moscow Times-ը: Այս գումարի մեջ են մտնում ռմբակոծությունների, ռազմական տեխնիկայի սպասարկման, ենթակառուցվածքների, անձնակազմի աշխատավարձի համար ծախսերը:
Սա առաջին դեպքը չէ, երբ փորձագետները գնահատում են Սիրիայում ՌԴ ռազմական օպերացիան: Կրեմլում հստակ թիվ չեն նշում, չնայած հաստատում են, որ սիրիական կոնֆլիկտում իր մասնակցության համար Ռուսաստանն իր ծախսերը հոգում է ինքնուրույն: Վերջերս արված հաշվարկների համաձայն՝ փորձագետները հայտարարեցին, որ սիրիական օպերացիան Ռուսաստանի համար կարժենա տարեկան մոտ 1 միլիարդ եվրո:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան