![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/b112b6cc-6f1b-4d92-b7e8-e3f47dd4426b.jpg)
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում առանձնազրույց է ունեցել Պարագվայի Հանրապետության նախագահ Օրասիո Մանուել Կարտես Խարայի հետ: Առանձնազրույցը տեղի է ունեցել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունից առաջ:
ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Պարագվայի Սենատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է: Պարագվայն այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր, որը դատապարտում է ցեղասպանությունները»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով` միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունն իրավունք չունի անմասն մնալ անցյալի ոճիրների դատապարտման հարցում:
Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։