ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ, ՄԻՆՉԵՎ ՆԱԻՐԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը, իր բջջային հեռախոսից զանգահարելով Երեւանում «Մոսկվայի տան» տնօրենի ծառայողական հեռախոսին, նրան սպառնացել է, վիրավորել, ապա երեք րոպե  տվել իր մայրիկից ներողություն խնդրելու համար, որը Գյումրու մանկավարժական համալսարանի դասախոս է,  եւ ում հետ տնօրենը դրանից մեկ ժամ առաջ հեռախոսային տհաճ խոսակցություն է ունեցել: Զրույցի ժամանակ Ն. Կարապետյանը սպառնացել  է, թե հակառակ դեպքում միջադեպը վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին երեկ հայտարարել է «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը, որը Ն. Կարապետյանի դեմ դիմում-բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով:
Ա. Թութունջյանը նշել է. «Ինձ հետ երբեք այդպես չէին խոսել… Երբ նա ասում էր՝ Դուք ո՞վ եք, ես ուզում էի ասել՝ ես մարդ եմ, բայց դա եւս տեղ չհասավ… Հաջորդ օրը՝ իմ դժբախտությունից հետո մի գիշեր անցկացնելուց հետո, ես հասկացա, որ պետք է դիմեմ ԱԺ»: Տիկինը նշել է, որ միջադեպի առիթը եղել է այն, որ Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի հատկացման հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացված Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին անդամը մեկնել է ԱՄՆ, եւ անհրաժեշտ է եղել նոր անդամ: Գյումրու մանկավարժական համալսարանի դեկան Վահան Մելքոնյանին տեղեկացվել է, որ նոր անդամն անպայման պետք է լինի կա՛մ ռուսերենի մասնագետ, կա՛մ  դեկան եւ ամբիոնի վարիչ, որը եւս պետք է ռուսաց լեզվի եւ գրականության մասնագետ լինի: Դեկանը խոստացել է, որ հաջորդ օրը Թութունջյանին կզանգահարի Գայանե անունով մի կին, որն ամբիոնի վարիչն է: Այսքանով խոսակցությունն ավարտվել է, սակայն հաջորդ օրը Գյումրուց ոչ մի զանգ չի եղել: Ավելի ուշ տնօրենի բջջայինին է զանգահարել մի կին, որին «Մոսկվայի տան» տնօրենը հարցրել է. «Դուք Գայանե՞ն եք», ապա՝ «ամբիոնի վարի՞չն եք», բայց երկու հարցին էլ ստացել է բացասական պատասխան: Մոտ մեկ ժամ անց արդեն զանգահարել է Նաիրա Կարապետյանը ու տեղեկացրել, որ դա իր մայրն է եղել, ու պահանջել նրանից ներողություն խնդրել վիրավորելու համար: Ըստ Թութունջյանի՝ ԱԺ պատգամավոր Ն. Կարապետյանն իր հետ խոսել է շատ կոպիտ ու անգամ հայհոյել է: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ` պարզելու նրանց վերաբերմունքը կատարվածի շուրջ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ն. Կարապետյանը հայհոյել ու վիրավորել «Մոսկվայի տան» տնօրենին: Ձեր դիտարկմամբ` մարդկային շփումներում երիտասարդ պատգամավորուհին ինչպիսի՞ն է:
-Մարդկային շփումներ ունեցել եմ, անկեղծ ասած` մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ նա կարող է նման հայհոյանքներ տված լինել: Ես չեմ ցանկանում կանխակալ գնահատականներ հնչեցնել: Նաիրան ինքն արդեն ասել է, որ պատրաստ է բաց, հրապարակային քննարկման: Ավելի ճիշտ կլիներ` երկու կանայք մինչեւ գործն այդտեղ հասնելը… եթե անգամ ինչ-որ խնդիրներ եղել են, ինչ-որ իրար չեն հասկացել, ամեն դեպքում կնոջ հետ կապված խնդիրները, անկախ նրանից՝ պատգամավոր է, թե պատգամավոր չէ, ես դեմ եմ աղմուկով  լուծմանը: Իմ անձնական կարծիքով՝ պետք է իրենք հանդիպեին, խոսեին:
-Իսկ պատգամավոր-գործընկերների հետ ինչպե՞ս է շփվում Կարապետյանը, նրա կողմից նկատե՞լ եք կոպիտ ու կոշտ վերաբերմունք:
-Ես չեմ նկատել, համենայնդեպս ինձ հետ շփումներում ո՛չ: Ես պետք է անկեղծորեն ասեմ, որ ո՛չ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, Դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք Ն. Կարապետյանի հետ, խնդրում եմ ասել` Ձեր կուսակցական ընկերն ընդունա՞կ է կնոջը հայհոյել:  
-Անկեղծ ասած` այդ հարցից տեղյակ չեմ, երկու օր է` քաղաքում չեմ եղել: Դա բացառվում է, որ Նաիրան հայհոյեր, ուղղակի այլ մանրամասների չեմ տիրապետում:
-Ոմանք նշում են, որ Ն. Կարապետյանը նաեւ շատ պատգամավորների հետ է նման ոճով խոսում…
-Չէ՛, չէ՛, բացառվում է, ես շատ լավ եմ Նաիրային ճանաչում, Նաիրան այդպիսին չէ: Ինքն ուղղակի քաղաքում չէ, եւ ես դեռ իր հետ չեմ հասցրել զրուցել այդ թեմայով: Բայց վստահ եմ, որ նման բան չի կարող լինել:
-«Մոսկվայի տան» տնօրեն Ա. Թութունջյանն անգամ ԱԺ էթիկայի հանձնաժողով է դիմել ու փաստերով պատմել է…
-Մանրամասներին տեղյակ չեմ, այս քանի օրը Նաիրան կվերադառնա, կհասկանանք:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
-Տիկի՛ն Աճեմյան, Դուք հավատո՞ւմ եք, որ Ն. Կարապետյանը հայհոյել ու վիրավորել է կնոջը:
-Չեմ հասկանում, մեկ ասում են` այդ կինը կիրթ կին է, մյուս կողմից` չեմ հասկանում, որովհետեւ ճիշտն ասած… ամեն դեպքում տգեղ է… որին չեմ ուզում անդրադառնալ:
-Իսկ ինչպիսի՞ն է Ն. Կարապետյանը մարդկային շփումներում, նշվում է, որ նա շատ կոպիտ է խոսում բոլորի հետ:
-Մենք շատ նորմալ շփվում ենք, եւ ես այդպիսի բան չեմ տեսել Նաիրայից, իմ ներկայությամբ երբեք այդպիսի անկիրթ դրսեւորումներ չեն եղել: Մենք կոլեգաներ ենք, ու կրկնեմ՝ ես չեմ տեսել, որ նա կոպիտ խոսի:
Հ.Գ. Իսկ Ստրասբուրգում գտնվող Նաիրա Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց հետեւյալը. «Այլ մանրամասներ ու մեկնաբանություններ կլինեն էթիկայի հանձնաժողովի նիստին, ես պնդելու եմ, որ այն լինի դռնբաց: Որ բոլոր լրագրողներին եւ ոչ միայն լրագրողներին պարզ լինի, թե ինչ է կատարվել իրականում»:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս