ՆԻՍՏ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՀՀԿ-Ն ՀՈԳՆԱԾ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխող կուսակցությունն ամեն հինգշաբթի հետեւողական կերպով Գործադիր մարմնի նիստ է հրավիրում, որի ժամանակ լուծվում են մեր երկրի համար հաճախ ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր: Երեկ ՀՀԿ-ականները քննարկում ու վերլուծում էին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքն ու ՀՀԿ-ի հաղթանակի հնարավորությունները:
Նշենք, որ թեեւ ՀՀԿ ԳՄ նիստը նշանակված էր ժամը 20:00-ին, սակայն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նիստին եկավ մոտ 20 րոպե ուշացումով: ԳՄ մյուս անդամները՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, վաղուց սպասում էին նիստի մեկնարկին:
Վերջապես Սերժ Սարգսյանը ժամանեց, եւ ՀՀԿ ղեկավար կազմը գնաց «Ալֆրեդի սենյակ»: Ինչպես փոխանցեցին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ՀՀԿ-ականները նախ խոսել են քարոզարշավի ընթացքի մասին: Տարոն Մարգարյանով հիացածները Ս. Սարգսյանին ամեն կերպ համոզել են, որ ՀՀԿ-ի վիճակը շատ լավ է, մնացած բոլոր ուժերը վարկաբեկված են: Ս. Սարգսյանին զեկուցվել է նաեւ, որ Տ. Մարգարյանին մարդիկ ընդունում են, քանի որ անմիջական է, շփվում է բնակիչների հետ, եւ առկա է Անդրանիկ Մարգարյանի ֆակտորը: Բայց, չնայած լավ տրամադրություններին, Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ հորդորել է ուշադիր լինել, ձախողումներ չտալ, ընտրական գործընթացի վրա բիծ չգցել:
Ավելի ուշ՝ նիստի ավարտից հետո, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ կարճ պատասխանեց լրագրողների հարցերին՝ տեղեկացնելով. «Նիստը հիմնականում նվիրված էր առաջիկա ընտրություններին, եւ կուսակցությունը մեկ անգամ եւս կարեւորեց ժողովրդավարական ընտրությունների ընթացքը, եւ որեւէ ոտնձգություն ազատությունների խոչընդոտման նկատմամբ անթույլատրելի է»: Անդրադառնալով «Իլուր»-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀԿ մամլո խոսնակն ասաց. «Ես, թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ կապված, արձագանքել եմ. ցանկացած անօրինական արարք՝ լինի քաղաքացու, թե լրագրողի նկատմամբ, ընդունելի չէ, եւ հակառակը. երբ մենք ասում ենք, որ ընտրություններն անցնելու են ժողովրդավարական, հենց դա նկատի ունենք»: ՀՀԿ խոսնակը հավելեց, որ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը, եւ կուսակցությունը չի խառնվելու ոստիկանության գործողություններին:
Իսկ Ս. Սարգսյանն ընթացող նախընտրական քարոզարշավից գո՞հ է: Լրագրողի այս հարցին ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Մենք բոլորս գոհ կամ դժգոհ չլինելը կտեսնենք մայիսի 5-ին: Ես նշեցի, որ մենք դրական ենք գնահատում քարոզարշավը»:
Պաշտոնապես ՀՀԿ-ից հայտնեցին, որ իշխող կուսակցությունը ՀՀ կառավարության կազմի փոփոխության հետ կապված հարցեր չի քննարկել: Ըստ ամենայնի, այդ հարցը կլուծվի մայիսի 5-ի ավագանու ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո:
Հավելենք, որ ՀՀԿ ԳՄ նիստից դուրս եկած բոլոր ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նիստի կեսից հեռացավ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը մշտապես դուրս էր գալիս ՀՀԿ գրասենյակի գլխավոր մուտքից, հեռացավ հետնամուտքից Ս. Սարգսյանի եւ վարչապետ Տ. Սարգսյանի նման:
Նկատենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի բոլոր անդամները հեռացան անտրամադիր՝ առանց մի բառ ասելու: Երեւում է՝ կա՛մ հոգնել էին, կա՛մ Սերժ Սարգսյանը, բացի «բարի հորդորներից», մի թեթեւ էլ բարկացել էր: Բայց այն, ինչ նկատվում էր ՀՀԿ-ականների դեմքից, այն միտքն էր, որ եկե՛ք մի նիստ էլ անենք, որպեսզի այլեւս նիստ չանենք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս