«Հանրաքվեի ընթացքում հանցագործության մասին 461 հաղորդումից գործ է հարուցվել միայն 14-ով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս պահին մամուլի ասուլիս է անցկացնում լրագրողների հետ: Քննարկման հիմնական թեման դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մասով հարուցված քրգործերն են:

Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ ստացվել է 461 հաղորդում` խախտումների ու հանցագործության մասին, որոնցից 435-ով նախապատրաստվել են նյութեր, 12-ը ուղարկվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ուսումնասիրության նպատակով, 14-ով հարուցվել է քրեական գործ, 189-ով կայացվել է քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում: Ստացված ահազանգերից 144-ը եղել են մարզերից, հարուցված քրեական գործերից 3-ը նունպես մարզերի ահազանգերի հիման վրա են եղել. «82 հաղորդում ստացվել է քաղաքացիներից, 55-ը` իրավապաշտպան կազմակերպություններից եւ ՀԿ-ներից, 30-ը` դիտորդներից եւ վստահված անձանցից եւ շուրջ 300-ը հավաքվել է դատախազության կողմից` տարբեր կայքերում հրապարակված նյութերի հիման վրա»,-ասաց գլխավոր դատախազության պաշտոնյան:

14 քրեական գործերից 5-ը կայացրել է Գլխավոր դատախազությունը, 3-ը` Հատուկ քննչական ծառայությունը, 6-ը` Քննչական կոմիտեն: Վահագն Մուրադյանը ներակայացրեց նաեւ ստացված հաղորդումները` ըստ խախտման տեսակի դասակարգման:

«25 հաղորդում ստացվել է լցոնման դեպքերի մասին, 11-ը` քվեարկության դեպքերի խախտման, 13-ը` քվեարկության արդյունքների կեղծման, 13-ը հանձնաժողովի անդամի աշխատանքի խոչընդոտում, 17-ը` լրագրողի աշխատանքի խոչընդոտում, 59-ը` դիտորդի, 14-ը` վստահված անձի աշխատանքի խոչընդոտում, 1 բռնություն հանձնաժողովի անդամի նկատմամբ, 7 բռնություն քվեարկության գործընթացին մասնակցող անձի նկատամամբ, 2 չքվեարկած թերթիկ, 2 կնիքի կորուստ եւ նմանատիպ բնույթի 190 հաղորդում»:

Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ դատախազությունը շարունակում է ստանալ տարբեր հաղորդումներ, ընթացքի մեջ է որոշումների ընդունումն արդեն ստացված հաղորդումների առնչությամբ: Կոստանյանի խոսքով՝ 14 քրեական գործերը հարուցվել են հիմնավորող փաստերի առկայության հանգամանքով:




Լրահոս