ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՈՐՈՇ Է
ՀՀ կառավարության երեկվա նիստում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը նախագիծ ներկայացրեց ներկրվող եւ արտադրվող էլեկտրոնային կրիչների եւ դրոշմակնիքների տրամադրման, հատկացման կարգի հետ կապված փոփոխություն կատարելու մասին: Հիշեցնենք, որ «Ակցիզների մասին» օրենքի համաձայն՝ ապրիլի 18-ից հետո շուկայում չպետք է լինեն առանց ակցիզի CD-ներ եւ DVD-ներ: Իսկ ի՞նչ է լինելու շուկայում եղած սկավառակների ճակատագիրը: «Հայ ֆայ» ձայնասկավառակների խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Արտաշես Բոստանչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինչպես հասկանում ենք, մեզ աշխատելու թույլտվություն տրվել է, բայց դեռ տեղյակ չենք, թե երբվանից: Ավելի կոնկրետ ՊԵԿ-ից կիմանանք: Ըստ երեւույթին, երեք ամսով հնարավորություն ունենք եղած ապրանքն առանց ակցիզների վաճառել կամ դրանց համար հատուկ դրոշմանիշներ կտան: Չգիտեմ»: Նշենք, որ ավելի քան յոթ օր է, ինչ սկավառակների վաճառքով զբաղվող ընկերությունները չեն աշխատում:

ԾԱՂՐԱԾՈՒ ԵՆ
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը երեկ անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագրերին` ասելով, որ իրականում Մարգարյանը, մասնագետների հաշվարկներով, 6-7 միլիոն դոլարի ունեցվածք ունի: «Մի մարդ, որը կրթություն ստանալուց անմիջապես հետո պետական ծառայության է անցել եւ ծառայության մեջ է գտնվում մինչ օրս, այդ չափի ունեցվածք է կուտակել: Եվ ոչ միայն նա, այլեւ մի շարք այլ թեկնածուներ, նրանցից շատերը հենց այս պահին էլ վարչական շրջաններում կամ քաղաքապետարանում պաշտոն են զբաղեցնում»,-ասել է նա` հավելելով, որ ՀԱԿ-ը նյութեր է նախապատրաստում` ներկայացնելու համար համապատասխան մարմիններին, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն Մարգարյանի ունեցվածքի աղբյուրները: «Այստեղ կոռուպցիոն, ատկատների, փողերի լվացման, չարաշահումների ակնհայտ ռիսկեր կան»,-նշել է Մուսինյանը: Իսկ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարվել է պատասխանել իր ունեցվածքի մասին լրագրողի հարցին: Ի դեպ, Մուսինյանը նաեւ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրել են ընտրողների ցուցակները եւ հայտնաբերել 1000-ից ավելի քաղաքացիների, որոնք նախագահական ընտրություններում հաշվառված են եղել մարզերում, բայց այժմ Երեւանի ընտրողների ցուցակում են, կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: «Հանրապետականը զբաղված է ցուցակային աճպարարություններով»,-ասել է նա:

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՄՏԱՓՈԽՎԵԼ Է
Մոտ երկու շաբաթ առաջ սնանկացման մասին հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունը, պարզվում է, հիմա էլ մտածում է առողջացման  ուղիների մասին: Հանրային խորհրդում  երեկ  «Արմավիա»-ի շուրջ ստեղծված քննարկման ժամանակ լրագրողներին բաժանվել է  «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» եւ «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» անվանումով մի փաստաթուղթ: Լրագրողների տարակուսանքին ի պատասխան`  հանդիպմանը ներկա «Արմավիա»-ի կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը որեւէ հստակ պատասխան չի տվել: ««Արմավիա»-ն սնանկացման վերաբերյալ հայտ չի ներկայացրել դատարան, կներկայացնի, թե ոչ՝ հայտնի չէ»,-ասել է Քարամյանը:

ՍԵՐԳՈՆ ԳԻՏԻ
Արարատյան հարթավայրում եւ հանրապետության նախալեռնային գոտում վերջին օրերի գիշերային ժամերին արձանագրված բացասական ջերմաստիճանի հետեւանքով ցրտահարվել են Արարատի  մարզի Արտաշատի, Մասիսի եւ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի եւ խաղողի այգիների որոշ հատվածներ: Ցրտահարությունների հետեւանքները մեղմելու եւ բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղնախարարության մասնագետների կողմից առաջարկվել է առաջնահերթության կարգով իրականացնել որոշ ագրոտեխնիկական միջոցառումներ: Թեեւ, մեղմ ասած, անհասկանալի է, թե ցրտահարությունից հետո ինչպես պետք է կանխվի, օրինակ, խաղողի բերքի կորուստը: Հավանաբար գործի կդրվեն նաեւ Սերգո Կարապետյանի հեղինակային աղոթք-օրհնանքները:




Լրահոս