Այդ զենքը մի օր ինչ-որ մի տեղ պետք է կրակեր. Գևորգ Կոստանյանը` «զինված հանցախմբի» վնասազերծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օպերատիվ-հետախուզական աշխատանքները դեռևս շարունակվում են: Ես թերահավատության հիմքեր չեմ տեսնում, քանի որ այդ զենքը մի օր ինչ-որ մի տեղ պետք է կրակեր: Դա կուղղվեր պետական մարմիններին, թե շարքային քաղաքացիներին, կարևոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում «զինված հանցախմբի» վնասազերծման դեպքին:

Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ գործը հսկող դատախազը բազմաթիվ հանձնարարություններ է տվել, որոնց մասին, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի կարող բարձրաձայնել. «Ցուցումները բազմաթիվ են:  Ճիշտ չի լինի հրապարակել, թե ինչ իրավական գործողություններ անելու անհրաժեշտություն է տեսել հսկող դատախազը, քանի որ դա ինքնին կբացահայտի նախաքննության տվյալ փուլում ձեռք բերված հանգամանքները: Համենայնդեպս, իրականացվում է դատախազական պատշաճ հսկողություն»:

Դիտարկմանը, թե մարդկանց մոտ թերահավատություն է առաջացել, գլխավոր դատախազը նկատեց, որ այն, որ իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել մի խումբ մարդկանց, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն այդ քանակությամբ զենք, պետք է ուրախ լինել, որ հնարավոր է եղել ինչ-որ հանցագործությունից զերծ մնալ»,- ասաց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:




Լրահոս