Կիրակի օրը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ հայկական ընտրությունների ամենախայտառակ ավանդույթների համաձայն: Ինչպես 1998 թվականին, երբ փաստացի ՀՀ նախագահ ընտրված Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները հանվում էին քվեատուփերից` փոխարենը լցնելով Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկածները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի քարոզչության շտաբի պետն է, կարող է իր կենսագրության մեջ նշել, որ ինքը Հայաստանի հայաթափման գործում ամենանշանակալի ներդրում ունեցող իշխանական գործիչներից մեկն է:
ՀՀԿ շտաբի պետի տեղակալներից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նույնպես կարող է իր կենսագրության մեջ գրել, որ տակավին երիտասարդ տարիքում ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում մարդը՝ որպես արժեք, վերանա, եւ մեր երկիրը շեղվի զարգացման ուղուց:
Ընտրական համակարգի բռնաբարիչներից էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, որը ծպտյալ պաշտոնավարում է մեր երկրում տարիներ շարունակ` իր ընտանիքին ԱՄՆ-ում տաքուկ տեղավորելով:
Արտակարգ մակարդակի ընտրակեղծարարությունն իրականացվեց նաեւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղղակի մասնակցությամբ: Նա էլ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ խեղճուկրակ գյուղապետերի վրա էր «թիվ դրել»:
Դեկտեմբերի 6-ին կայացած խայտառակ հանրաքվեի «կոռուպցիայի» գծով պատասխանատուն էլ ՀՀԿ-ի շտաբի պետի մյուս տեղակալն էր՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մարդ, որ մի անգամ արդեն ոգելից խմիչը չարաշահելու համար հեռացվել էր նախագահականից եւ հիմա շարունակում է պետության հաշվին միլիոնավոր դոլարներ կուտակել:
Ահա թե ովքեր են ծառայամտության դասեր տալիս հայ հասարակությանը եւ ստիպողաբար իրենց կամքը թելադրում ողջ ժողովրդին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` ինքը դառնալու է ՀՀ վարչապետ: Բայց մինչ այդ Սարգսյանն ասել էր, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է ամեն կերպ ԱԺ-ում մեծամասնություն ստանան: Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ըստ ՀՀԿ առաջնորդի ծրագրի՝ ինքը կհայտարարի հանգստի մեկնելու մասին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա եւ ստանձնի վարչապետի պաշտոնը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանն իր ապագա ծրագրերը ներկայացնելիս չի ասել, թե ում է վստահելու ապագա ԱԺ նախագահի պաշտոնը:
Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վճռեց մասնակի բավարարել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրայնի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Ու եթե այդ վճիռն ուժի մեջ մտնի, ապա «Հրապարակը» պարտավոր է լինելու հերքել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում տեղ գտած եւ դատավորի՝ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով իրականությանը չհամապատասխանող դրվագները: Հիշեցնենք, որ նախարարի կնոջը զայրացրել եւ դատարանի դուռն էին հասցրել նշված հրապարակման այն հատվածները, որոնցում նշված է եղել, թե Ռուզաննա Խաչատրյանը մահացու ելքով ավտովթարի մասնակից է եղել: Ի դեպ, օրաթերթի այդ հրապարակումն ամենաանխոցելիներից էր, քանի որ հոդվածը գրված էր բացառապես մեջբերումներով` այլ կայքերից եւ վիրավորանք չէր պարունակում: Ինչի համար էլ «Հրապարակ» օրաթերթը պատրաստվում է դատավոր Ռուբեն Վարդազարյանի կողմից կայացրած մամուլի համար վտանգավոր վճիռը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
«Ժողովուրդ»-ը դեռեւս երկու շաբաթ առաջ գրել էր, որ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին հրահանգել են ապահովել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական արդյունքներով մեր վերը բերված լուրը փաստացի հաստատվեց, բնականաբար, ոչ մեծ տատանումներով: Մասնավորապես, պաշտոնական նախնական արդյունքներով այո-ի օգտին «քվեարկողների» թիվը կազմել է 825 հազար 622, իսկ ոչ-ի օգտին գրվել է 421 հազար 593 քվե: 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 861 հազար քվեից մի փոքր ավել: Երեւանում այո-ի արդյունքները՝ 207 հազար 507, փաստացի նույնությամբ կրկնում են 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գրված թվերը՝ 208 հազար 349: Իշխանությունների ձախողումների աշխարհագրությունը եւս գրեթե նույն է: Մասնավորապես, ինչպես 2013-ին, իշխանություններն այս անգամ եւս Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում, կատարյալ ձախողվեցին:
ՏԽՈՒՐ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏ
Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն «հորով-մորով» անելուց եւ նախնական արդյունքների հրապարակումից հետո՝ երեկ, Սերժ Սարգսյանը սեփական` «նախագահական հարկի տակ» էր հավաքել երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պալատական մտավորականներին: «Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, եւ դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թեւակոխում է իր զարգացման հաջորդ փուլ»,- հայտարարեց Սարգսյանը` ամրագրելով, որ Հայաստանում այլեւս հաստատվում է «կայուն եւ երկարաժամկետ» կուսակցապետություն` իր «գենսեկության» ներքո:
Իր կարճատեւ գրավոր ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց նոր Սահմանադրության առավելություններից` դրանք արդեն իսկ ներկայացնելով որպես կայացած իրողություն. «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության եւ ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում»,-ինչպես միշտ` ժամանակից առաջ ընկնելով արձանագրեց Սարգսյանը` չնայած այն հանգամանքին, որ ըստ իր իսկ ներկայացրած սահմանադրական նախագծի` խորհրդարանական համակարգի անցման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու մի մասը` 2016-ի հունիսից, երբ վերջնականապես մշակված եւ հաստատված կլինի նոր ընտրական օրենսգիրքը, մյուս մասն էլ` 2017թ. Աժ ընտրությունների եւ նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ նոր ընտրական օրենսգրքի, եւ, առհասարակ, ողջ օրենսդրական դաշտի համապատասխանեցմանը նոր Սահմանադրությանը` ընդգծելով. «Մենք պատրաստ ենք ամենաբաց եւ ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձեւաչափերում, որպեսզի, ի վերջո, ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը եւ մեզ հետ հավասար կլծվեն այս կարեւոր աշխատանքին: Մենք աշխատելու ենք բաց եւ թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը եւ դրա ամրապնդումը»,-առանց անհարմարության որեւէ զգացումի, հանրաքվեի համակարգային կեղծման հաջորդ իսկ օրը հատարարեց ՀՀԿ ղեկավարը:
Իր «գենսեկության» մեկնարկն ազդարարող երեկվա հավաքի ընթացքում ուշագրավ էր նաեւ Ս. Սարգսյանի կողմից ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի աջակցության կարեւորության հիշատակումը, ինչն էլ, թերեւս, այս քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանում «ուժեղ ընդդիմության» դերակատարության վերապահման ազդարարումն էր: Եթե, իհարկե, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հենց հիմա չպահանջեն իրենց պարգեւավճարները կոալիցիայի տեսքով եւ համաձայնեն սպասել 2017-ին` առավել «կայուն եւ երկարաժամկետ» դերակատարության դիմաց: