ԲՈՅԿՈՏԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԱՎԵԼԻ ՃՒՇՏ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, որը հայտարարել էր դեկտեմբերի 6-ի հանրաքվեի գործընթացը բոյկոտելու մարտավարության մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե ինչքան վատթարանում է ժողովրդի սոցիալական վիճակը, այնքան շատ ձայն է «տալիս» իշխանությունների ծրագրերին:

-Պարո՛ն Կարապետյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն ավարտվել է, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները «նկարել» են արդյունքները: Ո՞րն է ճիշտ պատկերը Ձեր մեկնաբանմամբ:
-Երկու տեսակետն էլ մի քիչ մտացածին են: Ինչ վերաբերում է այո-ին, ապա կարող եմ ասել, որ փաստացի ծանր կացություն է, որովհետեւ ես չգիտեմ, թե ինչի համար են միմյանց շնորհավորում: Մասնակցության պաշտոնական թիվը եթե նայենք, մոտավորապես 50 տոկոս է, ինչն այնքան էլ լավ ցուցանիշ չէ: Առավել եւս, երբ հարցը վերաբերում է մայր օրենքին, այսիքն՝ այն, ինչով որ դու պետք է հետագայում ապրես, ստանում է 50 տոկոս ուշադրություն, շատ ցածր թիվ է: Եթե նույնիսկ հիմա ասում են, որ բոյկոտը չանցավ եւ այլն, ու եթե հավատանք այն թվին, որը գրված է, միեւնույն է` էլի լավ թիվ չէ: ԵԽԽՎ դիտորդներն էլ էին հենց դա նշել. պասիվության նշան է:
Մենք տեսանք՝ լցոնում էին, ընտրախախտումներ կային: Նույնիսկ եթե սրանք մի կողմ դնենք, այլ տրամաբանությամբ նայենք, դուրս է գալիս, որ ինչքան վատ ենք ապրում, այնքան ընդունում ենք իշխանությունների ծրագրերը: Եթե նայում ենք 2013 թվականի համապետական ընտրությունները՝ 56.4 տոկոս է հավաքել, հիմա դուրս է գալիս, որ տարիներ առաջ, թե կյանքի որակն ավելի լավ էր, ինչ-որ առումով ավելի ճիշտ էր, ավելի քիչ էին հավաքել, քանի երկու տարի հետո, երբ կյանքի որակն ավելի է վատթարացել, աղքատության աստիճանն աճել է, բայց վստահության քվեն` աճել: Դուրս է գալիս` մեր ժողովուրդը մազոխիստ է:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն շնորհավորել է իր կուսակիցներին հանրաքվեի՝ նման արդյունքի համար ու նշել է, որ իրենք պետք է պատրաստվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Այս ժամանակահատվածում էլ ընդդիմությունը հանրահավաքներ է իրականացնում, անհնազանդության կոչերով հանդես գալիս: Ի՞նչ շանսեր կան հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու մասով:
-Հետեւյալ տակտիկական խնդիրները կան: Քանի որ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները անկախ չեն, ու հնարավորություն կա ազդելու պրոցեսի վրա: Ընդդիմությունն ասում էր, թե մենք մեր ձայները կպահենք, չէ՞, որովհետեւ ունենք հանձնաժողովի անդամներ, դիտորներ եւ մնացածը: Իհարկե, շատ դեպքերում փորձ եղավ այդպես անել, բայց, ի վերջո, հենց իրենք են ասում, որ համատարած ոչ-ը դարձավ համատարած այո: Ու մենք էլ հավատում ենք մեր գործընկերներին: Այսինքն՝ ստացվում է, որ բոյկոտը մինչեւ վերջ տեղ չհասավ, բայց մյուս կողմից էլ ստացվեց, որ մենք մեր ձեռքով ապահովեցինք իշխանությունների այո-ի համար թե՛ մարդկային ռեսուրս, թե՛ քվորում: Սա տակտիկական առումով սխալ չի՞: Ես կարծում եմ, որ շատ լուրջ տակտիկական սխալ է:
2005 թվականին, հիշո՞ւմ եք, կոչվեց «ուրվականների հանրաքվե», գրվեց շատ բարձր թիվ, իշխանություններն էլի այո-ով սահմանադրական հանրաքվեն անցկացրին: 2005-ին էլ միմյանց շնորհավորելով, համարելով, որ ժողովրդավարական Սահմանադրություն է, բերեցին, երկիրը հասցրեցին 2008 թվականի այդ ողբերգությանը, այդ սահմանադրությամբ կրակեցին մարդկանց վրա: Հիմա կյանքի որակը շատ ավելի վատ է լինելու, քան 2005 թվականին:

 

 

 

 
ՀԱԿ-ՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է. 7-ԻՑ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ 4-Ը

Երեկ՝ մինչ ԱԺ քառօրյայի աշխատանքների սկսվելը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ը բոյկոտում է քառօրյան, քանի որ ՀՀ իշխանությունները կեղծել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այս հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Զուրաբյանի հետ դուրս եկան Աժ դահլիճից:

ՀԺԿ ղեկավար, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը դահլիճում չէր, բայց վերջինս եւս չմասնակցեց խորհրդարանական աշխատանքներին: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում այս օրերին ավելի են լարվել հարաբերությունները: Լ. Զուրաբյանն այլեւս խմբակցության նիստերի մասին չի տեղեկացնում ոչ ՀԱԿ-ի անդամ այն պատգամավորներին, որոնք ընդգրկված են նշված խմբակցությունում:
«Ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում եւ սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որը տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության եւ օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հանրաքվեի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում: Վերը նշված պատգամավորները լքեցին դահլիճը, իսկ նույն խմբակցության երեք պատգամավորներ՝ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը մնացին իրենց տեղերում: Այս պատգամավորների համար անակնկալ էր Լ. Զուրաբյանի հայտարարությունը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, առիթը բաց չթողնելով` հայտարարեց. «Տեսա՞ք՝ քանի հոգի էր իրանց խմբակցությունը, քանի հոգի բոյկոտեցին»:
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության բոյկոտն իրենց հետ համաձայնեցված չի եղել: «Երեւի իրենք նկատի ունեին ՀԱԿ կուսակցությանն ու ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանին, քանի որ բոյկոտի մասին մենք որեւէ տեղեկություն չենք ունեցել, այն մեզ հետ համաձայնեցված չի եղել»:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Որ ասում են՝ հանրաքվեից հետո այլեւս չենք կարող նույն դահլիճում լինել, իսկ մարտի 1-ից հետո կարելի՞ էր, հանրաքվեից հետո ո՞չ: Դա ՀԱԿ-ի որոշումն է»: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ Փաշինյանը հավելեց. «Հանրաքվեից հետո հաստատվեցին մեր գնահատականները, ամեն ինչ ասված է»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԷԼԻ  ՉՍՏԱՑՎԵՑ
«Ժողովուրդ»-ը դեռեւս նոյեմբերի 12-ին գրել էր, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու համար տեղի իշխանական վերնախավը տեղամասերը բաժանել էր տարբեր պատասխանատուների միջեւ, ինչի արդյունքում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բաժին էր հասել երկու տեղամաս, որ պարապ չմնա: Սակայն Վարդան Ղուկասյանին «տրված» ընտրատեղամասերում եւս ոչ-ն է հաղթել: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վարդան Ղուկասյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նա չարդարացրեց իշխանությունների սպասելիքները: Ինչին հետեւեց Ղուկասյանի հետեւյալ պատասխանը. «Յա.. հալալ եղնի, դուք մնացածի տեղը մտածեք, մենք չենք պարտվել, շատ մեծ հզոր ձայներ ենք հավաքել: Ժողովուրդը ինչ-որ ասել է, այն էլ արել են, հաջողություն, ցտեսություն»:

 

ԲՅՈՒՋԵՆ ՍԵՂԱՆՆԵՐԻՆ Է
Երեկ հայրենի խորհրդարանի ներկայացուցիչները ԱԺ դահլիճից դուրս էին գալիս մի քանի «հատորանոց» փաստաթղթերով: Բանն այն է, որ խորհրդարանականներին է բաժանվել 2016 թվականի տարեկան բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ եթե այսօր որեւէ արտառոց իրադարձություն տեղի չունենա, ապա ՀՀԿ-ականները նպատակ ունեն սկսել քննարկել բյուջեի նախագիծը:

 

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծվել են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հայտարարեց, թե ընդդիմության մի հատվածի այն հայտարարությունները, թե պետք էր բոյկոտել հանրաքվեն, ճիշտ չէր: «Գոնե եթե մի 200 հազար մարդ գար, կմասնակցեր, տեղ կունենայինք խոսելու, արդեն հոգնել ենք այդ բթամտությունից, ասում էինք՝ միակ ելքը գնալ ու ոչ ասելն է, չեմ ասում՝ դա կփրկեր իրավիճակը, բայց դա մեր խոսելու տեղը կավելացներ, մարդիկ կարողացել են թվերը ստեղծել»,- ասաց Բագրատյանը: Ապագայի նկատմամբ նա առանձնապես հույսեր չունի: «Պետք է փորձենք փող ճարել, աշխատել, բերել ջեբներս փող դնենք, ընդդիմություն ստեղծենք, որ 2017 թվականի մայիսին էլի գնանք, նոր կեղծումներ տեսնենք, ի՞նչ անենք, էսքան բան արեցինք, ի՞նչ օգուտ ստացանք»,- վրդովված հայտարարեց նախկին վարչապետը: Ըստ նրա՝ նոր Սահմանադրությամբ այլեւս ընտրության ձեւաչափն էլ չկա: «Իրենք են թալանում, նոր Սահմանադրությամբ որեւէ ընտրություն էլ չկա… իշխանությունը պետք է որոշի, թե ով է ընդդիմությունը»,- նկատեց Բագրատյանը:




Լրահոս