ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՅՈ-Ն ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ ԵՐԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Սերժ Սարգսյանն իր ապագայի մասով տված խոստումը դրժեց, թերեւս անակնկալ չէր որեւէ մեկի համար: Ուշագրավն այն է, որ նա այսօր փաստի առաջ է կանգնեցրել նաեւ հարազատ թիմին:

Ոչ վաղ անցյալում
Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 10-ին՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակած հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը բառացի հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդ երկու անգամից ավել իր կյանքի ընթացքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Այս խոսքերից 8 ամիս անց նույն Սերժ Սարգսյանը հեռուստալրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ես բոլորին եւ ձեզ անձամբ խոստանում եմ 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետեւ այն ժամանակ է որոշվելու: Ես ինչու եմ ասում 17 թվականից հետո, որովհետեւ լրջորեն խոսել վարչապետ դառնալու կամ կառավարություն ձեւավորելու մասին կարելի է այն ժամանակ, եթե դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպես պետք է վարչապետ աշխատես, ինչպես պիտի վարչապետ դառնաս, չկա այդ հնարավորությունը»: Երբ լրագրողը հետաքրքրվեց՝ Դուք այժմ հրաժարվո՞ւմ եք Ձեր խոսքերից, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես իմ խոսքերից հիմնականում չեմ հրաժարվում, լինի դա կենցաղում թե քաղաքականության մեջ: Ես խոստանում եմ ընտրություններից (2017-ի ԱԺ ընտրություններից,- խմբ.) հետո մանրամասն խոսել իմ ծրագրերի մասին»:

Չի վստահում
Հիմա փորձենք հասկանալ, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի այս երկվության պատճառը: Բանն այն է, որ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ իր իշխանության մեջ վստահելի մարդ ունենալ, որի վրա հենվեր: Իշխանական շատ գործիչներ «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ Ս. Սարգսյանը չի վստահում որեւէ մեկին եւ ցանկացած կարեւոր փաստաթուղթ անձամբ է կարդում որոշում կայացնելուց առաջ: Մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Սերժ Սարգսյանը նրա ամենավստահելի մարդն էր: Եւ հիմա կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը խաբեց ոչ միայն հասարակությանը, իր թիմի ներկայացուցիչներին, այլ նաեւ իրեն իշխանության բերած Ռոբերտ Քոչարյանին:
«Ժողովուրդ»-ին ՀՀԿ-ական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն արդեն իր թիմակիցներին հայտնել է ապագայի մասով մտադրությունների մասին. այն է՝ դառնալու է ՀՀ վարչապետ: Այս հայտարարությունն անակնկալ է եղել շատերի համար, քանի որ ժամանակից շուտ է նա խոստովանել իր իրական ծրագրերի մասին:

Ինչպե՞ս խաբեց
ՀՀ քաղաքացիներին խաբելու մասով իրավիճակը պարզ է. նա հրապարակավ դրժեց իր խոստումը՝ հաշիվ չտալով իր քայլերին ու խոսքերին: Իսկ ինչպե՞ս խաբեց իր թիմին: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հրապարակային ու կուլիսային ելույթներում մշտապես հայտարարել է, թե ովքեր են իր համար ՀՀ նախագահի ցանկալի թեկնածուները: Իսկ նրանցից շատերի հետ անհատական զրույցներում «ոսկե սարեր» է խոստացել: Եւ հիմա պարզվում է, որ ՀՀ ապագա նախագահն, ըստ էության, լինելու է բուտաֆորիա եւ հանրաքվեի այո-ից հետո ենթարկվելու է ՀՀ ապագա վարչապետ Սերժ Սարգսյանին: Արդյո՞ք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նախագահի մյուս պոտենցիալ թեկնածուները ձեռքները ծալած կնստեն: Ստացվում է, որ ապագա նախագահների կյանքում կարգավիճակի իմաստով է միայն փոփոխություն լինում, սակայն բովանդակությունը նույնն է՝ Սերժ Սարգսյանի փաստացի ենթական:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին խաբելուն, ապա ինչպես հայտնի է՝ դեռեւս 2008 թվականին, երբ մարտի 1-ի արյան գնով Սերժ Սագսյանը նստեց ՀՀ նախագահի աթոռին, իշխանական կուլիսներում լուրեր էին պտտվում, որ Քոչարյան-Սարգսյան սիամական երկվորյակները պայմանավորվել են 10 տարի իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, որից հետո էստաֆետը հանձնել՝ 50-50 սկզբունքով: Սակայն Սարգսյանը 8 տարի իրականացրած իր քայլերով միայն վանել է Քոչարյանին ու առնվազն դժվարացրել նրա վերադարձի հնարավորությունը քաղաքականություն:

Քոչարյանը կգա
Միեւնույն ժամանակ իշխանական կուլիսներում Քոչարյանի վերադարձը 95 տոկոսով ռեալ իրողություն են համարում: Ինչը նշանակում է, որ մեր երկրում շատ շուտով իրավիճակ է փոխվելու: Ինչո՞ւ, որովհետեւ հիմա Սերժ Սարգսյանի մոտ առաջ է գալու գլխավոր՝ թիմը պահելու խնդիրը, քանի որ 2018-ին ընդառաջ ամեն օր, ըստ էության, թուլանում է նրա իշխանությունը (եթե մինչ այս թիմի գոյությունը կախված էր Սարգսյանից, հիմա հակառակ պատկերն է): Ասել է թե՝ կլանային բախումներն անխուսափելի են:
Նկատենք, որ այս իրավիճակում երջանիկ է Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի փոքրացած թիմը, քանի որ վերջապես հնարավորություն կա ազատվելու, իրենց բառերով ասած, «ծերակույտից»: Այսպիսով՝ ՀԱԿ-ի այն կանխատեսումները, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարաձգելու համար է անում սահմանադրական փոփոխությունները, ավելի քան ռեալ են:

Միանձնյա
Սակայն ամենատարբեր կանխատեսումներով Սերժ Սարգսյանի մենիշխանության ձգտումները՝ հիմա էլ կառավարական մոդելի փոփոխության տեսքով, դժվար թե անցնցում իրականանան, քանի որ բազում շահեր են բավում: Նկատենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ իրենց հերթին ձեռքերը ծալած չեն նստի, քանի որ Սերժ Սարգսյանի բացարձակ իշխանության հակակշիռներ անհրաժեշտ կլինեն:
Այնպես որ, հետաքրքիր ժամանակներ ենք ապրում:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԿԿԱՆՉԻ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ»
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մոտ երկու օր առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել է մարզպետների հետ եւ նրանց զգուշացրել, որ քվեարկության արդյունքների ափոփումից հետո ինքը կորոշի՝ ով է շարունակելու պաշտոնավարել, ով ոչ: Սակայն այն մարզպետները, որոնց դեպքում Սերժ Սարգսյանը կորոշի, որ նրանք խոստացված քվեները չեն ապահովել, սովորական պաշտոնանկությամբ չեն փրկվի:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի խայտառակ արդյունքներ գրանցվել է Շիրակի մարզում, որի համար «պատասխանատվության» կենթարկվեն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որով էլ պետք է վճռվեր Գրիգորյանի՝ Գյումրու հաջորդ քաղաքապետ լինել-չլինելու հարցը: «Ժողովուրդ»-ը Բալասանյանից փորձեց պարզել, թե ինչ է պատասխանել Ս. Սարգսյանին արձանագրված ձախողման համար: Քաղաքապետը տարօրինակ արձագանք տվեց. «Ի՞նչ պետք է պատասխան տամ, ոչ մի պատասխան չունեմ տալու»:
Հավելենք, որ Լոռու մարզի արդյունքները եւս իշխանությունների համար, մեղմ ասած, ոչ մի լավ բան չեն խոստանում: Ամոթանքի բաժին էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հասել:

 

ԵՐԲ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ
ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո՝ յոթերորդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ԿԸՀ-ն պետք է հրապարակի հանրաքվեի վերջնական պաշտոնական արդյունքները: Դրանից հետո՝ հինգօրյա ժամկետում, հանրաքվեի քարոզչությանը մասնակցած կուսակցությունները կարող են բողոքարկել քվեարկության արդյունքները՝ ՀՀ սահմանադրական դատարան: Եթե ոչ ոք արդյունքները չբողոքարկի ՍԴ, ապա նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվում է «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» ԿԸՀ որոշումից հետո՝ ութերորդ օրը: Իսկ եթե ԿԸՀ որոշումը բողոքարկվում է ՍԴ, ապա նոր Սահմանադրության նախագծի «ճակատագիրը» որոշվում է այդ ատյանի որոշումից հետո: Եթե ՍԴ-ն արդյունքներն անվավեր չի ճանաչում, ապա համապատասխան որոշումի կայացումից հետո՝ հինգ օրյա ժամկետում, նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվում է, որի հաջորդ օրն այն մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ մինչեւ տարեվերջ նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի: Սակայն այդ փաստաթղթի առանձին դրույթները, մասնավորապես, այն մասը, որոնց հիման վրա կառավարման ներկա կիսանախագահական համակարգը կդառնա խորհրդարանական, ավելի ուշ ուժի մեջ կմտնեն, հիմնականում 2017-ի ԱԺ ընտրություններից հետո:

 

ԷԼԻ ԳՆԱՃ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների գնաճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.1 տոկոս: Սպառման ապրանքների շուկայում արձանագրված գնաճը կազմում է 4.6 տոկոս: Պարենային ապրանքները թանկացել են 3.8 տոկոսով, իսկ ոչ պարենայինները՝ 5.8 տոկոսով:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: Նա շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է միջազգային դիտորդների քաղաքականապես չեզոք եւ օբյեկտիվ գնահատականները:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է հանրաքվեի վերաբերյալ առաքելության եզրակացությունը, եւս մեկ անգամ ընդգծել, որ առաքելության առաջին ու հիմնական եզրակացությունն այն է, որ բոլոր մակարդակներում՝ պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կողմից հնարավորություն տրվեց քաղաքացիներին՝ ազատ քվեարկելու եւ իրենց կամքն անկաշկանդ արտահայտելու:
«Ես կարող եմ ասել մեկ բան՝ քվեարկությունն անցել է ազատ ու հանգիստ մթնոլորտում, բաց եւ հրապարակային: Տպավորված էի՝ տեսնելով, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գիտի իր գործառույթները: Շնորհավորում եմ Ձեզ, որ Ձեր նախաձեռնությունը սատարում ստացավ»,-ասել է Սլոբոդան:

 

ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ
Armlur.am-ի տեղեկացմամբ` դեկտեմբերի 6-ին ՀՀ մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՀ Արագածոտնի մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Հակո գյուղերում վերընտրվել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը: Սարալանջում եւ Զարինջայում գործող գյուղապետերը մրցակիցներ չեն ունեցել: ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ, Ալաշկերտ, Արագած, Դալարիկ, Շահումյան գյուղերում նույնպես վերընտրվել են գործող համայնքապետերը: Միայն Ֆերիկում ընտրվել է առաջադրված թեկնածու Ռուստամ Հասանյանը, ով հավաքել է 83 ձայն: Իսկ օրինակ՝ Դալարիկում, Նորապատում, Արագածում գործող համայնքապետերը միայնակ են պայքարել: Շիրակի մարզի Բասեն, Պեմզաշեն, Տուֆաշեն, Գառնառիճ, Վահրամաբերդ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան գյուղերում նույնպես վերընտրվել են գործողները: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում: Այստեղ նույնպես վերընտրվել են գործող գյուղապետերը:




Լրահոս