ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ «ԲԱՌԱԴԻՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի եւ նրա հետ հարազատական կապ չունեցող աշխատակիցների հարաբերությունները կրկին լարվել են:

Բանն այն է, որ տնօրենը հրաժարվում է գիտաշխատողներին «պրեմյաներ» վճարել՝ պատճառաբանելով, թե ինստիտուտը գումար չունի: Սակայն այդ հանգամանքը տնօրենին չի խանգարել, որպեսզի նա իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի՝ 7,5 միլիոն դրամ արժեքով: «Եթե մտնեք ինստիտուտ, կտեսնեք, թե ինչ է կատարվում, տնօրենի որդիները բոլորն աշխատում են, կան աշխատակիցներ, որոնք գրանցել են իրենց բարեկամներին որպես գիտաշխատող, բայց նրանց երբեք չենք տեսել: Օրինակ՝ տեսական հետազոտությունների եւ տնտեսագիտության մտքի պատմության բաժնի վարիչ Ռոբերտ Սարինյանի որդին՝ Կարեն Սարինյանը, գիտաշխատող է, բայց նրան երբեք չենք տեսել»,- բողոքում են ինստիտուտի աշխատակիցները:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինստիտուտի գիտաշխատողները բարձրաձայնում են, որ ինստիտուտը վերածել եք «ընտանեկան բիզնես» կենտրոնի:
-Իմ որդին՝ Դավիթը Հարությունյանը, որը տնտեսագիտության դոկտոր է, գիտության կոմիտեի մրցույթով շահել էր գիտական մի թեմա ու այդ գիտական թեմայի ղեկավարն է: Հիմա իրավունք չունի՞ աշխատել:
-Ինչ կասեք Ձեր մյուս որդու՝ Տիգրան Հարությունյանի մասին, նա՞ էլ է մրցույթով գիտական թեմա շահել ու դարձել գիտաշխատող:
-Նա ինձ մոտ չի աշխատում, մեկ տարի առաջ է աշխատել ու դուրս է եկել:
-Ինչո՞ւ դուրս եկավ, մի՞գուցե հասկացաք, որ եթե Ձեր երկու որդիներն աշխատեն ինստիտուտում, դա կարող է խնդիրներ առաջացնել, եւ Ձեզ կմեղադրեն ինստիտուտը ընտանեկան բիզնեսի վերածելու մեջ:
-Չուզեց աշխատել:
-Ինչո՞ւ, աշխատավարձն էր քիչ, թե՞ այլ խնդիր կար:
-Չէ, ուղղակի չուզեց աշխատել, այսպես ասեմ՝ ուրիշ տեղ էլ էր աշխատում, չուզեց համատեղել:
-Իսկ ի՞նչ կասեք մնացած «ընտանեկան» դրսեւորումների մասին, օրինակ՝ տեսական հետազոտությունների եւ տնտեսագիտության մտքի պատմության գիտական ուղղություն բաժնի վարիչ Ռոբերտ Սարինյանի որդին եւս նշված բաժնի գիտաշխատող է, սակայն ինստիտուտի աշխատակիցները նրան երբեք չեն տեսել:
-Սարինյանի որդին եւս դուրս է եկել, չի աշխատում: Ձեզ սխալ տեղեկություններ են տվել: Նա էլ չուզեց աշխատել:
-Ըստ ինստիտուտի գիտաշխատողների՝ Դուք հրաժարվում եք իրենց «պրեմյաներ» վճարել՝ պատճառաբանելով, թե ինստիտուտը գումար չունի: Սակայն այդ հանգամանքը Ձեզ չի խանգարել, որպեսզի նոր ծառայողական ավտոմքենա գնեք՝ 7,5 միլիոն դրամ արժեքով:
-Այո՛, նոր մեքենա գնել եմ, դա իմ անձնականը չի, դա ինստիտուտինն է:
-Իսկ ի՞նչն էր խանգարում, որ շարունակեիք օգտվել հին մեքենայից, իսկ այդ 7,5 միլիոն դրամով գիտաշխատողներին ոգեւորեիք:
-Հին մեքենան շատ ահավոր վիճակում էր, կապիտալ վերանորոգման ծախսերը թանկ էին նստում, դրա համար այն պետք է փոխվեր: Ախր, 10 տարվա հին մեքենա էր: Օրինակ՝ տնտեսագետները դրան ասում են տնտեսագիտական արդյունավետություն: Հիմա քեզ ով բողոքել է, նա ախմախ տնտեսագետ է, նա իրավունք չունի ինձ մոտ աշխատելու, քանի որ տնտեսագետ լինելով հանդերձ՝ նման հարց է բարձրացնում:
-Բայց կարող էիք, չէ, 7,5 միլիոն դրամանոց մեքենա չգնել, այլ մի քիչ ավելի մատչելի մեքենա ձեռք բերել` մնացած գումարով էլ գիտաշխատողներին պարգեւավճարներ հատկացնել:
-Դա էլ են սխալ ասում, իսկ ո՞վ է ասում, որ չենք տալիս: Լավ աշխատողներին տալիս եմ, իսկ նրանք, որ բառադի թափառում են, գործի չեն գալիս, նրանց չեմ տալիս:
-Այսինքն՝ գիտության ոլորտում բառադի աշխատողներ կան:
-Հա, իհարկե:
-Իսկ վերջին անգամ երբ եւ որ գիտաշխատողներին եք լավ աշխատանքի համար «պրեմյա» հատկացրել:
-Եթե ցանկանում եք՝ ներկայացնեմ անուններով, եկեք գիտությունների ազգային ակադեմիա:

 

 

 

 
ԼՑՈՆՈՒՄՆԵՐԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԷԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԸ

Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը, տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ իրավապահները քննություն են սկսել, իսկ թե ով կամ ովքեր կպատժվեն, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ եղած նախադեպերն այնքան էլ հույս չեն ներշնչում: Նկատենք, որ այս ընտրախախտումներն իրենց բնույթով շատ նման էին 1998 թվականի Դեմիրճյան-Քոչարյան ընտրության օրը արձանագրված լցոնումներին ու լկտիությանը:

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերել են ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին: Մասնավորապես հաղորդումներից 79-ը վերաբերել են Երեւանում, իսկ 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին: Իսկ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է 380 տարբեր բնույթի տեղեկատվություն` դարձյալ հիմնականում ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների հրապարակումները, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ:
Դրանցից 296-ը պարունակել են առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական եւ նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Իսկ, ահա, 2 դեպքով հարուցվել է 2 քրեական գործ»:
Այն, որ Հայաստանում ցանկացած ընտրություններից հետո ընտրախախտումների դեպքերի մասով հարուցվում են քրեական գործեր, գաղտնիք չէ, սակայն ինչպես փորձն է ցույց տվել, երբ ընտրություններից հետո կրքերը հանդարտվում են, խախտումների համար իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված քաղաքացիները եւս «ջրից չոր են դուրս գալիս»:

Իսկ հիմա խոսենք փաստերով
Դեռեւս 2013 թվականի նախագահական ընտրություններում ընտրախախտումներ կատարելու համար Շենգավիթ վարչական շրջանի դատարանի առաջ էին կանգնել քաղաքացիներ Հովհաննես Մովսիսյանը, Գագիկ Միքայելյանը եւ Ռիտա Ղազարյանը: Գագիկն եւ Հովհաննեսը մեղադրվում էին ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, իսկ, ահա, Ռիտան այդ փորձի օժանդակողն էր: Նրանց երեքի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին: Արդյունքում, դատարանը վճռել էր վերոնշյալ անձանց պատժել 600 հազար դրամի տուգանքի չափով: Չի բացառվում, որ վերոնշյալ անձինք իրենց գրպանից չեն վճարել տուգանքը, այլ նրանց քաղաքական հովանավորներն են հասանելիք գումարը փոխհատուցել: Նկատեցի՞ք՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների բազմահազար ընտրախախտման դեպքերից միայն մի քանի դրվագով էր քրգործ հարուցվել, որոնք էլ ավարտվել են կա՛մ կարճումներով, կա՛մ տուգանքով:
Ու եթե նախկինում իրական պատիժներ լինեին, դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի փոփոխությունների քվեարկության օրը, չէինք ունենա այս խայտառակ ընտրախախտումների պատկերը:
Նկատենք, որ հանրաքվեի օրը խոչընդոտվել էր նաեւ լրագրողների գործունեությունը, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազի հրահանգով քննություն է սկսվել: Ճիշտ այնպես, ինչպես հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ բռնության ենթարկված լրագրողների գործը, որը մինչ օրս տեղից չի շարժվում:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Այն, որ ՀՀ-ում ընտրացուցակները գերհագեցած են հանգուցյալներով կամ արտագաղթած մարդկանց անուններով, որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ: Եւ որպեսզի առավել աննկատ կատարվեր գոյություն չունեցող ընտրողների քվեարկությունը, գործող իշխանությունը իր ԱԺ կոճակային մեծամասնության միջոցով թույլ տվեց նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը: Դեկտեմբերի 6-ին 189. 239 մասնակից ID քարտով քվեարկեց:
Իսկ ո՞րն էր վտանգը: Բանն այն է, որ այդ քարտի վրա նշված չէ քաղաքացու բնակության հասցեն, պլաստիկ այդ քարտի վրա հնարավոր չէ քվեարկությունից հետո դնել այն հաստատող կնիքը, ինչը կրկնակի քվեարկության համար «կանաչ լույս» է վառում:
Հիմա փաստերը: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը դեռեւս 1 ամիս առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ զրույցում նրա առաջարկով ներկայացրել էր ընտրացուցակներում առկա անճշտության կոնկրետ դեպք: Մաշտոցի 5 բնակարան 17-հասցեում, բացի տանտիրոջից, եւս 3 հոգի գրանցված են: Պատգամավորը անմիջապես զանգահարել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին եւ հայտնել ահազանգի մասին: Բիչախչյանն ասել էր, թե նման բան լինել չի կարող, բայց անգամ եթե կա, իրենք արագ կշտկեն: Սակայն սխալը չշտկվեց: Հանրաքվեի օրը վերոնշյալ հասցեում տանտիրոջից բացի՝ այլ մարդիկ եւս ներկայացված էին ընտրացուցակում:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է հնարավոր ID քարտով ուրիշի փոխարեն քվեարկել, «Ժողովուրդ»-ը լրագրողական հետաքննություն իրականացրեց: Երեւանի թիվ 42 դպրոցում տեղակայված 9/12 ընտրատեղամաս այցելեց մեր լրագրող Տաթեւ Հարությունյանը` նշված բնակարանում գրանցված Թագուհի Թովմասյանի ID քարտով: Հանձնաժողովի անդամներից ՕԵԿ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը երկար բարակ նայելով ընտրացուցակին, լսելով Տաթեւի դժգոհությունը, որ այդ հասցեում այլ մարդիկ են գրանցված, կանչեց հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Սոֆյա Յորդեկյանին, որն էլ նշված հասցեում գրանցված մարդկանց հարցը որոշեց ավելի ուշ լուծել` լրագրողին թույլ տալով կատարել ընտրությունը: Քվեատուփին մոտեցած լրագրողն, իհարկե, բուն քվեարկությունը չկատարեց: Նա քվեախցիկում քվեաթերթիկի վրա գրեց «Հանուն լրագրողական հետաքննության» բառերը, դուրս գալով քվեախցիկից՝ հայտարարեց, որ ինքը ընտրատեղամաս է ներկայացել Թագուհի Թովմասյանի ID քարտով: Հանձնաժողովի ՕԵԿ-ական ներկայացուցիչը չի համեմատել քարտի վրայի ու իր` գրանցամատյանում դրած ստորագրությունը, որեւէ կերպ փորձ չի արել՝ պարզելու` արդյո՞ք այդ քաղաքացին է իր ընտրացուցակում առկա անուն-ազգանունի «տերը», եւ, վերջապես, ո՞րն է ընտրող ներկայացածի իրական բնակության հասցեն:
Հավելենք, որ քվեաթերթիկը՝ որպես փաստացի ապացույց, հանձնաժողովի թույլտվությամբ մեր լրագրողը խմբագրություն է բերել:
«Ժողովուրդ»-ը կոնկրետ օրինակով ցույց տվեց, թե ինչպես է աշխատում կեղծիքների մեխանիզմը: Եւ այն ահազանգերը, որ հանձնաժողովների անդամներն իրար հետ պայմանավորվածություն ունեն շատ բաներ չնկատելու վերաբերյալ, հաստատվեց կոնկրետ օրինակով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս