Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում հայաստանցի արտահանողների առջեւ նոր հնարավորություններ են բացվել: Սակայն արդյոք այս օրերին մեր տնտեսվարողներն ու գյուղացիները կարողանում են օգտվել այդ հնարավորություններից:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, թե այս տարի հանրապետությունում խաղողի, կարտոֆիլի, խնձորի բավականին լուրջ քանակություն կա, որի մի մասը սառնարանային պայմաններում եւ պահեստներում են պահպանվում: Նա նաեւ նշել էր, որ ՀՀ-ն կարող է խաղողի, կարտոֆիլի, խնձորի լուրջ քանակություն արտահանել դեպի ՌԴ: Ըստ գյուղփոխնախարարի՝ այս օրերի ընթացքում խաղողի արտահանման ծավալները շոշափելիորեն աճել են: Գառնիկ Պետրոսյանը ընդգծել էր նաեւ, որ մարզերում գործում են գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոններ, որոնցից տնտեսվարողները արտահանման հետ կապված հարցերի շուրջ կարող են խորհրդատվություն ստանալ: «Այդ կենտրոնների ներկայացուցիչները կարող են արագ կապ ստեղծել երկու կողմերի՝ գյուղացու եւ արտահանողի միջեւ»,- վստահեցրել էր փոխնախարարը:
Սակայն ՀՀ որոշ մարզերի գյուղերում իրացման եւ արտահանման հարցում մեծ խնդիրներ կան. մարդիկ չգիտեն, թե ինչպես իրացնեն իրենց գյուղմթերքը: Օրինակ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչների գերակշիռ մասը կարտոֆիլ ունի պահեստավորած: Սակայն գանձակցիները չգիտեն, թե ում միջոցով այն արտահանեն: Նշենք, որ Գանձակում պահեստավորած կարտոֆիլը 2000 տոննայից ավելի է: «Դե, հիմա առաջարկ-պահանջարկ լինելու դեպքում էլ միեւնույն է՝ շուկան է որոշողը: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Բայց եթե կարտոֆիլը արտահանվի, ապա գյուղացիների համար շատ լավ կլինի: Առանց այն էլ այս տարի շատ տուժեցին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը:
Գյուղապետի խոսքերով, սակայն, գյուղացիներն իրենց ապրանքը պատրաստ են արտահանել միայն բարձր գներով, մինչդեռ ներկայումս Ռուսաստանում կարտոֆիլի գները շատ էժան են: «Մեր գյուղացիները սպասում են այն թանկանա, նոր սկսեն արտահանել: Սովորաբար գարնան ամիսներին կարտոֆիլը թանկ է վաճառվում: Այդ ամիսներին միշտ էլ գները բարձրանում են: Եթե գները բարձր լինեին, ապա մերոնք մի կերպ կարտահանեին: Բայց ՌԴ-ում 1 կիլոգրամ կարտոֆիլի մեծածախ գինը 8 ռուբլի է, իսկ մանրածախը՝ 13-14 ռուբլի: Եթե այս գներով հաշվարկենք ու արտահանենք, ապա մենք կտուժենք, որովհետեւ ճանապարհածախսը թանկ է»,- ներկայացրեց Վ. Հարությունյանը: Գանձակցի գյուղապետը նշեց նաեւ, որ վրացական կողմի հետ փորձ են արել պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն այս ընթացքում այնտեղ էլ չեն կարող կարտոֆիլ արտահանել, որովհետեւ դարձյալ եկամտաբեր չէ. Վրաստանում կարտոֆիլը էժան է: «Գյուղացին ժամանակի ռեալ փիլիսոփան է. հենց տեսնի, որ իրեն ձեռնտու է, կանի: Եթե գարնան ամիսներին էլ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակեն լարված մնալ, ապա մերոնք կկարողանան մեծ օգուտներ քաղել»,- հույս հայտնեց գյուղապետը:
Այս խնդիրը առկա է նաեւ նույն մարզի Լանջաղբյուր, Սարուխան գյուղերում: Օրինակ՝ Սարուխան գյուղում պահեստավորած կարտոֆիլը կազմում է ավելի քան 5000 տոննա: «Եթե արտահանող ընկերություն լինի, ապա մեծ սիրով կարտոֆիլ կտանք: Մտածում ենք իրացնելու մասին, բայց որտեղ այն սպառենք, չգիտենք: Օրինակ՝ Վրաստանից ամեն տարի գալիս էին, կարտոֆիլ տանում, բայց այս տարի չկան ու չկան: Իսկ մերոնք էլ չեն նախաձեռնում արտահանելու ուղղությամբ»,- նկատեց Սարուխանի գյուղապետ Վահագն Գեւորգյանը: Նա ափսոսանքով նշեց, որ «Սպայկա» ընկերությունը գյուղ չի գալիս կարտոֆիլ գնելու նպատակով: Այս պահին 1 կիլոգրամ կարտոֆիլի մեծածախ գինը 120 դրամ է, որն ըստ գյուղացու՝ չափազանց ցածր է:
Ինչ վերաբերում է խաղողին եւ խնձորին, ապա դրանց աճեցմամբ զբաղվող գյուղերի բնակիչները մեծ քանակությամբ բերք են պահեստավորել, սակայն ներկայումս նույնպես կանգնած են իրացման խնդրի առջեւ: ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավանի բնակիչները մեծ քանակությամբ խնձոր ունեն: Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, նկատեց. «Խնդիրն այն է, որ օհանավանցին չի կարող իր ունեցած գյուղմթերքի արտահանումը կազմակեպել: Գյուղում մոտ քսան օր առաջ որոշ քանակություն արտահանվել է: Բայց դա մոտ քսան օր առաջ էր: 10 օր է, ինչ ռուսն ու թուրքը իրար են խառնվել, Օհանավանի վրա դա դեռ դրական ազդեցություն չի թողել»,- նկատեց Ալեքսանյանը:
Գյուղապետի խոսքերով՝ գյուղացիները խնձորի 1 կգ-ը վաճառում են 100 դրամից մինչեւ 500 դրամով` ըստ սորտերի եւ չափերի:
Իսկ, ահա, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում բնակիչներն այս օրերին զբաղված են խաղողի արտահանմամբ: Վերին Արտաշատի գյուղապետ Աշոտ Ղազարյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ բնակիչները սառնարաններում պահեստավորած խաղողի մեծ քանակություն ունեն եւ մտադրվել են այն արտահանել մինչեւ Ամանոր: «Ռուս-թուրքական լարված հարաբերությունների արդյունքում խաղողի արտահանման գինն էլ է բարձրացել, ծավալներն էլ, օգտվում են գյուղացիները: Օրեր առաջ 1 կգ խաղողի արտահանման գինը կազմում էր 250-300 դրամ, իսկ հիմա այն 350-400 դրամ է»: Սակայն սրան զուգահեռ նկատենք, որ խաղողի գինը ներքին սպառման շուկայում է կտրուկ բարձրացել: Եւ տնտեսվարողների համոզմամբ՝ այն դեռ կթանկանա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՈՍՏԱՑԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՊ-Ը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացի ժողովրդին ուղղված իր հատուկ ուղերձի ժամանակ ահաբեկչություն է անվանել Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում մարդկանց զանգվածային սպանությունը եւ կոչ արել ԱՄՆ-ի Կոնգրեսին զինված ուժեր կիրառել «Իսլամական պետության» դեմ: «Դա ահաբեկչության ակտ էր, որն ուղղված էր անմեղ մարդկանց սպանությանը»,-ասել է Օբաման՝ մեկնաբանելով Սան Բերնարդինոյի ողբերգությունը: Սպիտակ տան ղեկավարը նշել է նաեւ, որ «ահաբեկչության սպառնալիքն իրական է», եւ որ ԱՄՆ-ն մտադիր է հաղթահարել այն: «Կալիֆոռնիայի ահաբեկչությունը հիմք դրեց ահաբեկչական սպառնալիքի նոր փուլին: Մենք կոչնչացնենք «Իսլամական պետություն»-ը կամ այլ ահաբեկչական կազմակերպության, որը կփորձի վնաս հասցնել մեզ»,-հավելել է Օբաման: Բացի այդ՝ Սպիտակ տան ղեկավարը կրկին հիշեցրել է, որ Վաշինգտոնն Անկարայի հետ համատեղ զբաղվում է թուրք-սիրիական սահմանի փակման հարցով՝ փորձելով կանխել «Իսլամական պետության» զինյալների մաքսանենգությունը: