ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում՝  հայ-ադրբեջանական սահմանին, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով զինվոր է վիրավորվել:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի օրը հակառակորդ կողմը հերթական անգամ չզսպեց իր ագրեսիան եւ  հիշեցնել տվեց իր մասին:
Ըստ մեր տեղեկությունների` հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած զինվորը Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում շարքային ծառայող, Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ 20-ամյա Իսրայել Թավերդյանն է: Դեպքից հետո վիրավորված զինվորին անմիջապես տեղափոխել են Մարտունու զինվորական հոսպիտալ:
Նրա առողջական վիճակի, ինչպես նաեւ տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց Բերդիկի համայնքապետ Ալբերտ Բաղդասարյանի հետ: Սակայն բացահայտվեց ուշագրավ իրողություն. գյուղապետը, լսելով տեղեկությունը, զարմացած ասաց, թե վիրավորված զինվորը հենց իր բարեկամն է. «Նրանք մեր կողքի տանն են ապրում, բայց այդ մասին չգիտեմ՝ տեղյակ են, թե ոչ: Ես առաջինը Ձեզանից եմ լսում այդ մասին»: Ավելի ուշ, երբ համայնքապետը զրուցեց վիրավորված զինվորի հարազատների հետ, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընտանիքի անդամները եւս տեղյակ չէին կատարվածից եւ լսելով լուրը՝ շտապել են Արցախ:
«Պատկերացնո՞ւմ եք, երբ ես Ձեզանից իմացա, անմիջապես ասացի ծնողներին: Ու պատկերացրե՛ք՝ նրա հայրը` Գառնիկը, եւ մայրը` Հասմիկը, ոչնչից տեղյակ չէին: Պարզապես որոշել էին գիշերը՝ ժամը 3-ին, ճանապարհ ընկնել դեպի Ղարաբաղ՝ դիրքերից իջած իրենց որդուն տեսության»,-վստահեցրեց համայնքապետը:
Բաղդասարյանի հավաստիացմամբ՝ ընտանիքի անդամներն Իսրայելի հետ վերջին անգամ խոսել են ապրիլի 22-ին, ու տղան գնացել է դիրքեր:
Իսկ երբ «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգից հետո իմացել են կատարվածի մասին, անհանգստացած ծնողները կարողացել են կապ հաստատել եւ խոսել Հադրութի զորամասի հրամանատարի հետ: «Հրամանատարն ասել է, որ ամեն ինչ կարգին է, տղայի կողքն է վնասվել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Ներկա պահին միայն այսքանը գիտենք»,-ասաց գյուղապետը:
Ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂՀ պաշտպանական բանակը չեն տեղեկացրել ծնողներին, որ իրենց երեխան վիրավոր է: Այս հարցի պատասխանը երեկ «Ժողովուրդ»-ը չկարողացավ ստանալ: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Հուսանք, որ զինվորի հետ ամեն ինչ կարգին է, եւ նրա կյանքին իսկապես վտանգ չի սպառնում  

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս