2016-Ի ԳՈՒՅՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Ամանոր է, եւ արդեն ժամանակն է մտածել մեր տան ինտերիերին տոնական տրամադրություն հաղորդելու, տոնածառը զարդարելու, ամանորյա զգեստ, համապատասխան աքսեսուարներ ընտրելու մասին: Այս հարցում, իհարկե, մենք կարող ենք դիմել պրոֆեսիոնալների, որոնք կհեշտացնեն մեր աշխատանքը, սակայն տոնը հենց տոն է նրանով, որ մենք ինքներս ենք ստեղծում նախընտրելի միջավայրը` ներկապնակից ընտրելով մեր ցանկացած գույները եւ ստանալով Նոր տարվա մեր «կտավը»: Այս հարցում, իհարկե, կարիք կլինի լսել մասնագետի խորհուրդները: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ:

Վերջինիս խոսքով` 2016-ի` հրե կապիկի տարվա գույնը համարվում է կարմիրը: Այն նորաձեւ կլինի իր բոլոր երանգներով` «գինու կարմիր»-ից մինչեւ բորդո: «Իհարկե, սա չի նշանակում, որ Ամանորին պարտադիր պետք է կարմիր կրել` նորաձեւ լինելու համար: Կարող եք կրել ցանկացած զգեստ, որը ձեզ սազում է: Նոր տարվա գիշերը նորաձեւ կլինեն նաեւ սեւի եւ ոսկեգույնի, սեւի եւ արծաթագույնի համադրությունները: Բնականաբար, շատ բան կախված է այն հանգամանքից, թե որտեղ եք անցկացնելու Ամանորը: Եթե դուք լինելու եք տանը, պետք չէ շատ շքեղ տեսք ունենալ, կարող եք, օրինակ, կարմիր գույնի հետաքրքիր գործվածքով զգեստ կրել, իսկ եթե ուզում եք շքեղ տեսք ունենալ, կարող եք կարմիրի եւ ոսկեգույնի, սեւի եւ ոսկեգույնի, սեւի եւ արծաթագույնի համադրություններով երեկոյան կամ կոկտելային զգեստներ կրել»,-խորհուրդ տվեց դիզայները:
Նրա խոսքով` եթե ձեր ընտրած ամանորյա զգեստն արդեն իսկ շքեղ է, ապա զարդերը պետք է լինեն ավելի մեղմ: Եթե, օրինակ, դուք ընտրել եք առանց զարդարանքների բաց կարմիր զգեստ, կարող եք կրել մեծ, շքեղ վզնոց կամ ականջօղեր: «Աքսեսուարների հարցում կարող եք ազատ լինել: 2016-ին մոդայիկ են ինչպես դասական եւ նուրբ զարդերը, որոնք նախընտրելի է կրել 50-ականների ոճով զգեստների հետ, այնպես էլ մեծ աքսեսուարները, որոնք կարելի է համադրել կարճ, կոկտելային զգեստների հետ»,-նշեց Դ. Շատվերյանը: Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա ամանորյա զգեստի հետ ցանկալի է կրել փակ քթերով կոշիկներ կամ նուրբ բատիլիոններ:
Բոլոր նրանց համար, ովքեր Նոր տարին դիմավորելու եւ անցկացնելու են տանը, կարեւոր է ապահովել նաեւ ամանորյա ինտերիերը: Իհարկե, դժվար կլինի դա ամբողջովին հարմարեցնել ամանորյա «պահանջներին», սակայն կան որոշ «հնարքներ», որոնք գալիք տարում ակտուալ են լինելու. «Այս Ամանորին շատ նորաձեւ է լինելու նարնջագույնը թե՛ զարդարանքի, թե՛ սպասքի ընտրության, թե՛ նվերների ձեւավորման եւ այլ հարցերում: Ինչ վերաբերում է տոնածառին, ապա մոդայիկ կլինի սեւ տոնածառի ընտրությունը, որը զարդարված կլինի ոսկեգույն խաղալիքներով: Նոր տարուն ակտուալ կլինի նաեւ վարդագույն տոնածառը: Ընտրությունը մեծ է: Սակայն եթե այս գույները դժվար կլինի համադրել ձեր տան ընդհանուր ինտերիերի հետ, ապա կարմիրի եւ կանաչի դասական համադրությունը միշտ կա ու կա: Այս գույները երբեք չեն «հնանում»,-նկատեց դիզայները:
Նրա խոսքով` այս տարի մեծ տեղ կտրվի տոնածառի փայտե խաղալիքներին, որոնք պատրաստված, երբեմն նաեւ քանդակված կլինեն ձեռքով: Իրենց յուրահատուկ տեղը կունենան նաեւ թափանցիկ գնդերը, որոնք կներառեն մեկ կամ երկու աքսեսուար: Ցանկալի կլինի տունը զարդարել նաեւ փերի-տիկնիկներով, որոնք «խոստանում են» հաջողություն բերել գալիք տարում:

 

 
ԱՐԱՄ MP3-Ը ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԴԱՐՁԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

Ամիսներ առաջ «Վիտամին» հումորային ակումբը փակվեց, եւ խմբի տղաները ցրվեցին` իրենց գործունեությունը ծավալելով ամենատարբեր նախագծերում: «Ժողովուրդ»-ը ակումբի նախկին անդամ Արամ MP3-ից հետաքրքրվել է, թե բացի երգչի իր կարիերայից` ուրիշ ինչով է զբաղված վերջինս «Վիտամին»-ի գործունեության դադարից հետո:

Նա մեզ տեղեկացրեց, որ նկարահանվել է նոր ռոմանտիկ կատակերգությունում, որի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է. «Ես առաջին անգամ նկարահանվել եմ ֆիլմում, այսինքն` հանդիսատեսը կտեսնի իմ դեբյուտը: Կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա փետրվարի 19-ին: Այնտեղ ես մարմնավորել եմ մի մարդու, ով հանկարծակի դարձել է ՀՀ նախագահ: Կարծում եմ` հետաքրքիր է ստացվել. այս սցենարով ֆիլմ Հայաստանում դեռ չի նկարահանվել: Իմ կերպարի միջոցով, հումորային լուծումներ կիրառելով` փորձել ենք ցույց տալ, թե ինչ կլիներ, եթե սովորական քաղաքացին դառնար նախագահ: Կարծում ենք՝ բոլոր մարդիկ էլ երբեւէ ունեցել են նման ցանկություն, թեկուզ մանկական երազանք, ուստի հետաքրքիր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, երբ այդ հնարավորությունը արդեն ընձեռվել է»,-մեկնաբանեց Արամ MP3-ը:
Նոր ֆիլմում ընդգրկված են նաեւ դերասաններ Դավիթ Թադեւոսյանը, Լեւոն Հարությունյանը, Աննա Գրիգորյանը եւ այլք: Սցենարը գրել են «Արմքոմեդի» հումորային ծրագրի հեղինակներ Նարեկը եւ Սերգեյը:
Արամի խոսքով` ինքը մինչեւ գործընթացի սկսվելը շատ է նյարդայնացել, սակայն, ի վերջո, հաղթահարել է փորձությունը:
Ի դեպ, Արամն այժմ զբաղված է նաեւ մեկ ուրիշ, մեծ ծրագրով. երգիչը հաջորդ տարվա ապրիլի 7-ին նախատեսում է հանդես գալ մեծ մենահամերգով, որը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. «Սա իմ առաջին մենահամերգն է, հիմա օր ու գիշեր դրանով եմ զբաղված: Ծրագրում եմ ներկայացնել իմ երգերը, հայտնի հիթերի cover տարբերակներ, որոնք սիրվել են ժողովրդի կողմից, կլինեն նաեւ մի շարք անակնկալներ: Համերգիս տոմսերը մատչելի կլինեն, բարձր գներ սահմանելու նպատակ չունեմ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԻՇԵՑՐԵԼ Է
Շառլ Ազնավուրն աշխարհին հիշեցրել է 1988 թվականի սոսկալի երկրաշարժի մասին: «Արմենպրես»¬ի փոխանցմամբ` երգիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Armռnie») երգը: «1988 թվականի դեկտեմբերի 7¬ի սարսափելի երկրաշարժը Հայաստանում ավերածություններ պատճառեց, ինչը հանգեցրեց նրան, որ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, եւ հարյուր հազարավորներ մնացին առանց կացարան»,¬ -տեսահոլովակին կցված գրառման մեջ նշել է Ազնավուրը:
1988 թվականի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի հիմնադրած «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը («Aznavour pour l’Armռnie») մշտապես աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին եւ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: 1993¬ից հիմնադրամը գրասենյակ է բացել Երեւանում:

 

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Դեկտեմբերի 7-ին անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի մահվան առաջին տարելիցն էր։ Գյումրիում` Վարպետաց փողոցի այն տանը, որտեղ ապրել է Սամվել Մկրտչյանը, բացվել է անվանի թարգմանչի հուշաքարը։
Հուշաքարի բացմանը ներկա են եղել Սամվելի հարազատները, Գյումրու քաղաքապետը, մշակույթի նախարարության ներկայացուցիչները, գրչակից ընկերները, լրագրողներ, Սամվելի գրականության երկրպագուներ, ում Սամվելը թողել է հսկայական ժառանգություն՝ անգլո-ամերիկյան գրականության ողջ ընտրանին, հայ պոեզիայի անգլերեն թարգմանության մի քանի ժողովածու, եւ, իհարկե, Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»։

 

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԻԿ
Դերասանուհի Նարինե Պետրոսյանը բազմազավակ մայրիկ է դարձել: Նոյեմբերի 30-ին ծնվել է նրա երրորդ դուստրը` 3.4 կգ քաշով եւ 51սմ հասակով: BRAVO.am-ի հետ զրույցում Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհին ասել է, որ ինքն էլ, փոքրիկն էլ իրենց լավ են զգում եւ արդեն տանն են:
Պարզվում է` ծնողների համար դժվար է եղել երրորդ դստեր անվան ընտրությունը. «Ցանկանում էի, որ «Ա» տառով լինի, քանի որ քույրերի անուններն էլ այդ տառով են սկսվում: Կարծում եմ` «Ա» տառով սկսվող անունները գեղեցիկ են հնչում: Ի վերջո, որոշեցինք մեր երրորդ բալիկին Ադել անունը տալ»,-ասել է նա:




Լրահոս