ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազատության հրապարակում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երթ էր անցկացնում Երեւանի փողոցներում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւս մասնակցում էր թեժ պայքարին: Ու թեեւ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին, բայց ռոմանտիկ տրամադրությունն ապահովված էր: Համաձայնեք, որ ֆոտոխցիկը ֆիքսել է ստացված եւ բավականին ռոմանտիկ կադր:
Լուսանկարը՝ Նարեկ Սարգսյանի
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մասնակցի կենսաթոշակային կուտակումների վերադարձի համար արդյոք կան երաշխիքներ: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:
Երանուհի Պետրոսյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի եւ կառավարելի հաշվետիրոջ համար: Կառավարող ընկերության լուծարման կամ սնանկության դեպքում ֆոնդի միջոցները չեն վտանգվում, քանի որ ֆոնդը չի հանդիսանում կառավարչի սեփականությունը եւ հասանելի չէ կառավարչի բաժնետերերի կամ պարտատերերի համար: Այդպիսի դեպքերում տվյալ ֆոնդերի կառավարումը փոխանցվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մեկ այլ կառավարչի:
Բացի այդ՝ օրենսդրությունը եւ դրա հիման վրա ստեղծված բազմաթիվ մեխանիզմները, ենթակառուցվածքներն ուղղված են երաշխիքների մի ամբողջ համակարգի ստեղծմանը, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Մասնավորապես, անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգերը (որոնք նվազեցնում են համակարգի գործառնական ռիսկերը), ակտիվների տարանջատման օրենսդրական պահանջները (որոնք բացառում են մասնակիցների միջոցների միախառնումն այլ անձանց միջոցների հետ եւ ապահովագրում այդ անձանց սնանկացման ռիսկից), ներդրումների դիվերսիֆիկացիայի պահանջները (որոնք ապահովագրում են մասնակիցների միջոցների կորուստի ռիսկից), անկախ պահառուի ինստիտուտը (որն իրականացնում է հսկողություն՝ ֆոնդի ակտիվների ներդրման եւ կառավարչի գործունեության նկատմամբ), անկախ աուդիտի պահանջները, Կենտրոնական բանկի կողմից ամենօրյա վերահսկողությունը եւ այլն:
Բացի վերը նշվածներից՝ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո կստանա առնվազն իր կուտակած միջոցները՝ ճշգրտված տարեկան գնաճով, ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկումը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2% մարման վճար: Ի դեպ, վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե հավաստագիր ունեցող քաղաքացին հրաժարվում է Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել կամ սահմանված ժամկետներում չի ներկայանում համապատասխան մարմին, ապա դա ինչիպիսի՞ հետեւանքներ կարող է առաջացնել:
Գայանե Մխիթարյան (42 տարեկան, գլխավոր հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկանում ենք, որ համապատասխան մարմին չներկայացած կամ ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրով զբաղեցնելուց հրաժարված հավաստագիր ունեցող քաղաքացին, այդ մասին տեղեկությունները Խորհուրդ ներկայացնելուց հետո երեք ամիս ժամկետով չի օգտվում կարգով սահմանված նախապատվության իրավունքից: Միաժամանակ կարող է շարունակել ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման համար ներկայացնել դիմումներ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Խորհրդի աշխատակազմը: Տեղեկացնենք նաեւ, որ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից առնվազն երեք ամիսը մեկ անգամ անցկացվում է թեստավորում: