ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ «ատկատների» մի զգալի մասն անցնում է հենց առողջապահության ոլորտով. պետական բյուջեի փոշիացման, հսկայական ֆինանսական միջոցները հատվածական շահերին ծառայեցնելու «նախագծերը» կյանքի են կոչվում հատկապես առողջապահության նախարարությունում, որը սերտ համագործակցություն է հաստատել հիվանդանոցների սեփականատերերի հետ, որոնք մինչեւ վերջերս հաջորդաբար իրար էին փոխանցում նախարարի պաշտոնը:
Ներկայում նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, իհարկե, հիվանդանոցի սեփականատեր չէ, սակայն 1992-1997թթ. լինելով առողջապահության փոխնախարար, նպաստել է մի այնպիսի համակարգի ձեւավորմանը, որն այսօր, մետաստազի նման տարածվելով, անհնար է դարձրել շատ «հանգույցների» կազմաքանդումը… Փոխնախարարի, ապա առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնները օգնել են ՀՀԿ-ական Դումանյանին լուծելու առաջին հերթին իր եւ ընտանիքի անդամների բարօրության հարցերը: Օրինակ՝ մի որդուն՝ Արթուրին, տեղավորել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայկական համայնքների վարչության պետ, երբ նա ընդամենը 26 տարեկան էր եւ չուներ վարչական աշխատանքի որեւէ փորձ: Մյուս որդուն` Գուրգենին, նշանակել էր առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական, երբ ինքն էր տնօրենը, 2010թ.-ից էլ աշխատանքի տեղավորել ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում որպես տնօրեն: Իսկ 2012-ի սեպտեմբերից էլ Գուրգենն ԱԺ աշխատակազմի ղեկավարն է: Դումանյանի երկու որդիներն էլ բանակում չեն ծառայել, սակայն նշանակվել են  պետական բարձր պաշտոնների…  
Ճիշտ է, երկուսն էլ գիտության թեկնածու են, բայց, հավանաբար, նրանց դա պետք է եղել միայն բանակից ազատվելու եւ հետագայում պաշտոններ ստանալու համար՝ այսպես կրկնելով հայրական ճանապարհը, որովհետեւ նախարար Դումանյանն էլ գրեթե բժշկական պրակտիկայով չի զբաղվել: 1979-1984թթ. լինելով Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ՝ նա հետագայում առավելապես ձգտել է պաշտոնների՝ հավանաբար հասկանալով, որ պաշտոնը բժշկի մասնագիտությունից առավել կարեւոր է…
Թե ինչ ունեցվածք ունի Դ. Դումանյանը, քչերին է հայտնի, որովհետեւ նա գրեթե չի հրապարակել իր ունեցվածքի մասին հայտարարագիր: Սակայն դատելով նրա ու որդիների կենցաղից, ինչպես ասում են՝ հագուստ-կապուստից, դժվար չէ ենթադրել, որ այդ ունեցվածքը, մեղմ ասած, համեստ չէ:
Դ. Դումանյանը, իհարկե, լավ գիտի, թե ինչպես են «տնօրինվում» հիվանդանոցներին տրվող դեղորայքը, վիրակապերը եւ այլն. «Եվս մի արատավոր ուղի նշեմ, դա բժիշկ-դեղատուն, բժիշկ-լաբորատորիա եռանկյունին է: Այսինքն՝ բժիշկն ուղղորդում է հիվանդին՝ գնա ա՛յս լաբորատորիան՝ պնդելով, թե ինքը միայն դրա տվյալներին է հավատում: Հիվանդը դուրս է գալիս, բժիշկը նրա հետեւից զանգում է լաբորատորիա ու պատվիրում, թե այսքան շաքար կգրես: Էս բժիշկները երկուսի հետ էլ աշխատում են եւ ստիպում կեղծ վճարումներ կատարել»: Սակայն նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո նա ոչ թե պայքար ծավալեց իր իսկ նկարագրած երեւույթների դեմ, այլ առավել խորացրեց դրանք…
Նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Դ. Դումանյանը ոչ մի քայլ չարեց պաշտպանելու համար ատամնաբույժներին, որոնք հայտնվեցին հարկային մի նոր մամլիչի տակ: Ավելին, վարչապետ Տիգրան Սարգսյանին հաճոյանալու համար շտապեց պաշտպանել կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: «Կան ծառայություններ, որ, իմ կարծիքով, կրկնակի հարկման են ենթարկվում, մասնավորապես՝ ռենտգեն ծառայությունը, օրթոպեդիկ տեխնիկական սեղանները կամ աթոռները, համալսարանական կլինիկաներում ատամնաբուժական աթոռների խնդիրը, նաեւ զննման կաբինետները»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց նախարարը` այդպիսով անթաքույց կերպով պաշտպանելով առողջապահական օլիգարխիային, որն ամեն ինչ անում է ատամնաբուժական ծառայություններում եւս մենաշնորհ հաստատելու համար:
Հիշենք, որ նախագահի անցկացրած «ատկատների մասին» հայտնի խորհրդակցության ժամանակ Դումանյանը եւս հայտնվեց «անիվի տակ», ու դրանից հետո խոսակցություններ ծավալվեցին, թե շուտով Դերոն հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ Դումանյանի հետագա պաշտոնավարման հարցերը լուծված են, եւ նա վերանշանակվելու է իր պաշտոնում: Ավելացնենք, որ Դումանյանը չի համարվում Տիգրան Սարգսյանի շրջապատի մարդկանցից, սակայն սա այն դեպքն է, երբ վարչապետը չի որոշելու նախարարի հարցը…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս