ՎԱՆԴԱԼԸ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմկուսի Իջեւանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի նախաձեռնությամբ խորհրդային տարիներին Իջեւան քաղաքում անցկացվում էր քանդակի  միջազգային ամենամյա սիմպոզիում, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած քանդակագործներն արարում էին արվեստի գործեր՝ դրանք նվիրելով Իջեւանին: Այդպես Իջեւանի քաղաքային զբոսայգին դարձավ քանդակների այգի: Վերջին տարիներին քանդակները դառնում են բարբարոսության զոհ: 2012 թվականի մարտի 1-ին Իջեւանի քաղաքային զբոսայգում ջարդվել էր հերթական քանդակը: Նույն տարվա դեկտեմբերի 8-ին կոտրվել էր «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: 2013թ. հունվարի 15-ին գլխատվել էր քանդակներից մեկը: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ այդ հանցագործությունը կատարել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Մարտուն Ղալումյանը, որը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Նա ոստիկաններին ասել էր, որ քանդակը գլխատել է, որովհետեւ քանդակված մարդու գլուխն ավելի բարձր է եղել նույն քանդակի ուսին պատկերված եկեղեցուց: Ղալումյանը ոստիկաններին խոստովանել էր, որ ինքը նախկինում էլ է քանդակներ ջարդել: Վանդալը ներկայում գտնվում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում: Տավուշի մարզի դատախազությունը դատարան հայց է ներկայացրել անմեղսունակության վիճակում արարք կատարած Մարտուն Ղալումյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոցներ կիրառելու միջնորդությամբ: Այդ միջնորդությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ քարի միջոցով պատմամշակութային արժեք ներկայացնող, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված, Իջեւանի քաղաքային զբոսայգում գտնվող «Հայոց հիշատակ» եւ «Մայրություն» հուշարձանների տարբեր հատվածները ջարդելու եւ Աղստեւ գետը նետելու համար: Որպես իրեղեն ապացույց՝ դատարան են ներկայացվել 15 սմ երկարությամբ քար եւ ոսկեգույն ներկի տուփ: Հավելենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 2012թ. դեկտեմբերի 9-ին Իջեւանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը քարով կոտրել եւ Աղստեւ գետն է նետել նույն Ղալումյանը: Դատախազության հայցով դատական նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 30-ին: Ղալումյանի շահերը դատարանում պաշտպանելու է Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Ղալումյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս