Գերմանական ակումբները շարունակում են զարմացնել ֆուտբոլային Եվրոպային՝ անակնկալ խոշոր հաշիվներով հաղթելով իսպանական գրանդներին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման ժամանակ «Բավարիա»-ն 4։0 հաշվով ջախջախեց «Բարսելոնա»-ին, իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ն 4։1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ։ Գերմանական ակումբի կազմում բոլոր գոլերի հեղինակը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին էր։
Շատերի կարծիքով` գերմանական թիմերը պատասխան խաղից առաջ գրեթե ապահովել են իրենց տեղը Լոնդոնում կայանալիք եզրափակչում։ «Ֆուտբոլ 365» թերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Բուռնուչյանի գնահատմամբ` այս արդյունքները, այսինքն` խոշոր հաշվով երկու հաղթանակները, անսպասելի էին՝ չնայած միանշանակ «Բավարիա»-ն «Բարսելոնա»-ի հետ խաղում ֆավորիտ էր ի սկզբանե. ««Բարսելոնա»-ի բոլոր ֆուտբոլիստները պետք է լավ մարզավիճակում լինեին, որ կարողանային դիմակայել «Բավարիա»-ին, բայց խաղից առաջ արդեն պարզ էր, որ կային կորուստներ, որակազրկումներ, Մեսսին դեռ նոր է վերականգնվում վնասվածքից… Իսկ «Ռեալ»-ի` նման հաշվով պարտությունը պարզապես անհասկանալի էր»:
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպումներից ակնկալիքին, ապա մեր զրուցակիցը նշեց. ««Բարսելոնա»-ի պարագայում չեմ կարծում, որ նա կարող է հաղթահարել գերմանական արգելքը: Պարզապես իրենք պետք է խաղան այն խաղը, ինչը կարող են, բայց չորս գնդակ հետ բերելն անհնար է: Սակայն «Ռեալ»-«Բորուսիա» դիմակայությունում ամեն ինչ կարելի է սպասել. պետք է հաշվի առնենք «Սանտյագո Բերնաբեո»-ն, 70 հազար հանդիսականներին, ու չմոռանանք, որ դա կարող է դառնալ Մոուրինյոյի կարապի երգը: Այսինքն` եթե եզրափակիչ չմտնեն, Մոուրինյոն Մադրիդում անելիք չի ունենա, եւ կարելի է սպասել, որ խաղից հետո երկրպագուները կսկսեն սպիտակ թաշկինակներ թափահարել՝ ի նշան Մոուրինյոյի հեռացման»:
Գ. Բուռնուչյանը չի կարծում, որ այս հաղթանակները վկայում են Գերմանիայի առաջնության` ավելի ուժեղ լինելու մասին. «Միանշանակ ո՛չ. համեմատելու եզրեր էլ չկան: Ամեն տարի լինում է այնպես, երբ մեկը մի քիչ ավելի հաջող է խաղում, մյուսը` ավելի անհաջող. զարգացումներն են այդպես ստացվում: Բայց պիտի հաշվի առնենք, որ Գերմանիայի առաջնությունում չորս խաղ պակաս են խաղում, ու ոչ բոլոր հանդիպումներն են առավելագույն նվիրում պահանջում, ասենք, ինչպես Անգլիայում: Փաստորեն, ավելի քիչ ռեսուրսներ օգտագործելով` վերջնամասին ավելի թարմ են մոտենում, կարողանում են ավելի շատ մանեւրել: Չնայած ստացվեց, որ Իսպանիայի պարագայում էլ վաղուց արդեն չեմպիոնը պարզ է, վաղուց «Ռեալ»-ն իր չեմպիոնական ամբիցիաները մի կողմ է դրել, բայց հանգամանքներն այդպես դասավորվեցին: Ուղղակի «Բավարիա»-ն իրոք ֆանտաստիկ էր, իսկ «Բորուսիա»-ն, կարելի է ասել, իր գլխից բարձր թռավ բոլոր պարագաներում»:
««ԲԱՎԱՐԻԱ»-Ն ՖԱՆՏԱՍՏԻԿ ԷՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ