2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբերի 11-ին, իրականացված թվով 8 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 21-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 29-ով:
Այսօր` դեկտեմբերի 11-ին, լրացել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու համար օրենքով սահմանված ժամկետը:
Ինչպես տեղեկանում ենք Հանրաքվեի կենրոնական հանձնաժողովից, սահմանված ժամկետում ընդհանուր առմամբ 53 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 30-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 42-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 101-ով:
Հիշեցնենք, որ, ըստ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արձանագրությամբ դեկտեմբերի 7-ին վավերացված հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների, քվեարկելու իրավունք ունեցող 2 567 047 անձանցից հանրաքվեին մասնակցել են 1 միլիոն 303 հազար 466-ը:
Բոլոր 1997 տեղամասերի նախնական արդյունքների համաձայն՝ «Այո» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 825 851 է, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 421 600:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 53 332: Անճշտությունների չափը՝ 824: