ԻՋԵՎԱՆՑԻ ՇԻՆԱՐԱՐԸ «ԹՌԵԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի երիտասարդությունը դեռեւս անցած տարի ՀՀ կառավարության առաջ գյուղում մանկապարտեզ գործարկելու խնդիր էր բարձրացրել: Որոշվել էր գյուղի դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը վերանորոգել եւ այն գործարկել որպես մանկապարտեզ: Սակայն այդ աշխատանքները կիսատ են մնացել: Ոսկեպարի բնակիչները մեզ ասացին, որ շինարարական կազմակերպությունը թողել հեռացել է: Ոսկեպարի գյուղապետ, սահմանամերձ համայնքը 2012 թվականի սեպտեմբերից ղեկավարող Երվանդ Եգանյանին հարցրինք այդ ծրագրի ֆինանսավորման մասին: Նա ասաց, որ անտեղյակ է, քանի որ աշխատանքներն իրականացվել են նախորդ գյուղապետի օրոք: Ոսկեպարի գյուղապետարանում մենք ծանոթացանք գյուղապետարանի եւ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրին: 2012 թվականի հունիսի 19-ին կնքված այդ պայմանագրով «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ոսկեպար համայնքի մանկապարտեզի համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտել մինչեւ 2012թ. օգոստոսի 30-ը: Ոսկեպարը եւս իր ներդրումն է ունեցել այդ ծրագրում. գյուղապետարանը կատարված աշխատանքների համար «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է 1 միլիոն 900 հազար դրամ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում (http://tavush.gov.am) ներկայացված տեղեկատվության համաձայն` «Ոսկեպարի դպրոցի տարրական մասնաշենքի վերանորոգում» ծրագրի կապալառուն «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն է: Ծրագիրն իրականացվել է 2012 թվականի պետական հրատապ 2-րդ ծրագրի շրջանակներում, այդ նպատակով պետբյուջեից տրամադրվել է 11 միլիոն 435 հազար դրամ: Ծրագրի դիմաց գրված է՝ «ավարտված»: Նշենք, որ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն գրանցված է Իջեւան քաղաքի Ասլանյան-174 հասցեում: Տավուշի մարզպետարանը չի՞ կարողանում գտնել մարզկենտրոն Իջեւանում գրանցված շինարարական կազմակերպության ղեկավար Մարատ Դավթյանին, որպեսզի վերջինիս հորդորի շարունակել սահմանամերձ Ոսկեպարի մանկապարտեզի համար նախատեսված տարածքի վերանորոգումը: Սահմանամերձ համայնքում պետական հրատապ ծրագիրը ձախողվել է, սակայն այդ մասին մտահոգվող չկա: Գուցե նաեւ այդ պատճառով են ոսկեպարցիները լքում հայրենիքը եւ  հիմնական բնակություն հաստատում Ռուսաստանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս