Սիրված երգիչ ԱՐԱՄՈՆ (սկիզբը՝ նախորդ համարում) վրդովվում է այն իրողությունից, երբ տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ իրենց ողջ կյանքում, սրան-նրան քծնելով, հասնում են այս կամ այն պաշտոնին, սակայն հենց գալիս է պահը, փոխում են իրենց կուսակցությունները: Մինչդեռ այդ մարդկանց քննադատելու փոխարեն հանրությունը հաճախ իր վրդովմունքը ուղղում է այն արվեստագետների դեմ, որոնք ընդամենն իրենց գործն են կատարում` երգելով տարբեր համերգների ժամանակ:
-Ձեր կոլեգաներից մի քանիսը չեն թաքցնում իրենց քաղաքական դիրքորոշումը, սատարում են այս կամ այն թեկնածուին:
-Շատ անգամ արտիստներին փնովում են, թե ինչ-որ մեկի կողմն են կանգնած, բայց իրենք չե՞ն նկատում, թե հենց ներսում ինչ է կատարվում: Մեկ էլ տեսար` մեկն այս կուսակցությունից փախչում է այլ կուսակցություն:
-Եթե չեմ սխալվում, Դուք էլ եք բազմիցս երգել իշխանական թեւի կազմակերպած միջոցառումներին:
-Ես հարգում եմ իմ ժողովրդին եւ գնահատում: Չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվել, բայց ոմանք իրար քծնելով ման են գալիս, այս թեւից փախչում այն թեւ, բա ինչի՞ չի խոսվում դրանց մասին: Չէ՞ որ նրանք ավելի անհասկանալի բաներ են անում: Իսկ երգիչը գնացել է երգելու: Լրագրողներն ինչ ասես գրում են: Ես լավ եմ արել՝ երգել եմ: Նորից եմ ասում, նույն ընդդիմադիր դաշտում ես ընկերներ ունեմ, իրենք էլ գիտեն, որ ես երգել եմ, ոչ մի խնդիր չկա, ես արտիստ եմ: Ոչ ոք չի կարող ինձ պարտադրել եւ որոշել` ես գնամ, թե չգնամ: Ես հասուն մարդ եմ ու ոչ մեկի ճիպոտներին էլ չեմ ենթարկվում: Ես եմ որոշում իմ ապրելակերպը: Լավ կլինի, որ այդ խոսողները, որոնք անընդհատ փոխում են իրենց կուսակցությունները, իրենց ուշադիր նայեն: Մեր սիրելի լրագրողներին ես շատ կխնդրեմ, թող արտիստներին հանգիստ թողնեն: Այդ մարդիկ էլ իրենց համերգներով են գումար վաստակում:
-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն կլինի մեր երկրի ապագան այսպես շարունակվելու դեպքում:
-Ես ուզում եմ միայն լավը տեսնել, չեմ ուզում, որ ինչ-որ բան փլվի, նորից կառուցելու համար մի 30-40 տարի հետ կընկնենք: Չեմ ուզում, որ արյուն թափվի, ժողովուրդն էլ է ուզում լավ ապրել, ինքն էլ է ուզում սոցիալապես ու հոգեպես իրեն լավ զգալ: Հասկացե՛ք: Ես կցանկանայի, որ ե՛ւ ընդդիմության թեւը, ե՛ւ կառավարությունը լինեն իրենց խոսքի տերը: Եվ կարողանան ժողովրդի աչքերին ազնիվ նայել: Մենք բոլորս ապրում ենք ի շահ մեր պետության: Լավ կլիներ, որ ոչ թե փնովեին իրար անբարո մտքերով ու խոսքերով, այլ գործ անեին, հզորացնեին մեր պետությունը ապագա սերունդների համար:
Ես ապրել եմ նախորդ իշխանությունների ժամանակ, հետո էլ եմ եղել, հիմա էլ եմ ապրում, տեսել եմ, գիտեմ՝ ինչ է եղել, եւ ինչի ենք հասել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր նախորդի մեղավորությունը կա այս ամենում:
Շատ անգամ ես զրուցել եմ մարդկանց հետ, շատերը նույն բանն են ասում, որ չեն ուզում «Մերսեդես», «Բենթլի» կամ 8-հարկանի տուն: Իրենք ուզում են բարեկեցիկ ապրել, որ իրենց երեխան հացի խնդիր չունենա: Ես խորը ցավով հասկանում եմ եւ ուզում եմ, որ նրանք լավ ապրեն:
-Անընդհատ ասում եք` միջին խավ, Դուք Ձեզ ո՞ր խավի ներկայացուցիչ եք համարում:
-Ես փորձում եմ ապրել շատ համեստ, չեմ ասում, թե ինձ ճոխություններ եմ թույլ տալիս: Ինչ վերաբերում է ընտանիքով հանգստանալուն, ինչ-որ նյութական բաներ ձեռք բերելուն, թույլ եմ տալիս միայն ժամանակ առ ժամանակ: Լավ էլ տեսնում ենք՝ ովքեր են եթերում, ինչեր են երգում: Հիմա նրանք են գումար աշխատում:
-Իսկ ինչպե՞ս ու որտեղի՞ց պետք է գումար աշխատի Ձեզ նման արվեստագետը:
-Ես հիմա հաճույքով երգում եմ «Մալխաս» ջազ ակումբում, կարծում եմ՝ ամենալավ մթնոլորտն այնտեղ է: Կենդանի երաժշտություն է, լավ երաժիշտներ: Համերգային ծրագրերի մասին մտածում եմ, բայց կարեւորը գործ անելն է: Պետք է գործ անես ու դրանց բերանը փակես, իրենց ջնջես գործով: Եթերից այնքան անճաշակություն են հրամցնում մեր հանդիսատեսին: Շուտով իմ ստեղծագործական կյանքի 30-ամյակն է գալիս, պատկերացնո՞ւմ եք` այս ընթացքում ինչեր եմ տեսել: Հիմա էլ եկան այդ անհասկանալիները, մտան ու սկսեցին թելադրել ինչ-որ բաներ: Այդ մկկացող-մլավողներին պետք է ջնջել: Նորմալ մարդիկ պետք է գան ու բեմ բարձրանան, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում, ովքեր ազնիվ են իրենց ստեղծագործական կյանքում:
-Իսկ Ձեր նշած գործն անելու համար ի՞նչն է Ձեզ խանգարում:
-Դա մեծ ֆինանսների հետ է կապված՝ երաժիշտների վարձատրություն, դահլիճների վարձ: Առաջ ուրիշ գին էր, հիմա ուրիշ: Չեմ կարծում, որ 10 տարիների ընթացքում արտասահմանում այդքան մեծ տարբերություն լիներ վարձակալության մեջ: Իսկ մեզ մոտ ամսեամիս փոխվում է: Իրենք իրենց գներն են դնում:
-Չե՞ք փորձել Ձեր գործընկերների հետ բողոքել:
-Ի՞նչ անես, պնդում են, թե էս է կարգը: Ա՛յ սա եմ ասում` պետք է արմատական բաներ փոխել:
«ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ՝ ԵՐԳԵԼ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ