Այսօր՝ ժամը 11.52-ին, ՏԿԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման:
Պարզվել է, որ Շիրվանզադե փողոցի Տիգրան Սարգսյանին պատկանող թիվ 35 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տանը կից շինությունը և ավտոտնակն ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները և տան դիմացի ծածկը մասնակի վնասվել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Տիգրան Սարգսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
ArmLur.am-ին Լուսառատի համայնքապետ Դանիել Հակոբյանը հայտնեց, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ տուժած բնակիչը փորձել է մտնել խաղողի համար նախատեսված սառնարանային պահեստ: Այն կից է Տիգրան Սարգսյանի բնակարանին: Պայթյունի արդյունքում վնասվել են բնակչի տան պատուհանները, ավտոմեքենան:
Ի դեպ, Տ. Սարգսյանին Վեդիի ԲԿ-ից ավելի ուշ տեղափոխել են Երևանի այրվածքաբանության կենտրոն: Նրա վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Գյուղապետի խոսքով՝ պայթյունի հետևանքով Տիգրան Սարգսյանը մեկ մետր շպրտվել է:
Այս պահին փորձագետներն ու համապատասխան մասնագետները հաշվարկում են վնասի չափերն ու փորձում հասկանալ պայթյունի հնարավոր պատճառները: Նախնական վարկած դեռևս չկա:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: