Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված «Կյանք 1.500.000» տեսահոլովակը համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել: Օգտատերերից մեկը գրել է. «Երբ ազգային ողբերգության մասին երգում կամ «ռեպ» են կարդում միմոսները կամ խեղկատակները, որոնք անցած տարիներին անխնա ծաղրել ու ծանակել են ազգային արժեքները` փոխարենը քարոզելով կեղծ արժեքներ, ապա սրանց այդ «ակցիան» լուրջ համարել չի կարելի… Նմանները այդ թեմային դիպչելու իրավունք չեն վաստակել…»:
Տեսահոլովակի մասին տեսակետ է հայտնել նաեւ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Ողբամ քեզ՝ Պանարմենիան… Ես վերջապես հասկացա, թե ինչու եմ ես ռեկլամ նկարում ու չեմ կարողանում ավարտել իմ երկու ֆիլմերը: Իսկ «ռեժիսորները», որոնց ես անգամ ասիստենտ չեմ վերցնի, «ֆիլմեր» են վժժում իրար վրա: Հասկացա, թե ինչու են ինձ բրդում դեպի աէրոպորտ, որպեսզի նման հակամշակութային, անճաշակ, ծիծաղելի անտաղանդ դերասանական տվայտանքներով լի սպեկուլյացիաներ անեն: Միեւնույն է, մինչեւ իմ հեռանալը իմ ուժերի սահմաններում չեմ թողնելու, որ իմ երկիրը սարքեք մշակութային գետտո: Իսկ բոլոր նրանց, ում հուզում են նման ռաբիսությունները, իմ կարեկցանքը՝ մշակութային էլեմենտար ճաշակի բացակայության համար»:
Նույնաբովանդակ մեկնաբանությունները ստիպել են հումորիստ Արմեն Պետրոսյանին՝ Մենչին, իր կարծիքը զետեղել «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Բարեւ ձեզ. 2-րդ օրն է տեսնում եմ այս տեսահոլովակի վերաբերյալ մեկնաբանություններ եւ ապշում եմ… Եթե ինչ-որ մեկը գրեր, որ կարելի էր ավելի շատ գումար ծախսել եւ նկարահանել ավելի ճոխ տեսահոլովակ, միանշանակ կհամաձայնեի, բայց երբ գրում են, որ դերասաններն իրենց փիարով են զբաղվում, ծիծաղելի է: Երկրորդ. ինչ-որ մեկին թվում է, որ մարդ, եթե խաղում է ինչ-որ հումորային կերպար զգացմունք չունի՞: Կամ կյանքում էլ է նո՞ւյնը: Կամ ինչ-որ մեկին թվում է, որ կերպար խաղացողն այդ կերպարո՞վ է գործի գալիս, կամ այդ կերպարո՞վ է տուն գնում: Կամ այս ի՞նչ արտահայտություն է. Միմոսներ: Կամ այդ ո՞վ է իրեն օրենք վերապահում ասել, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում վնասել են հայ ժողովրդին: Ամոթ է ուղղակի: 1996 թվականից մինչեւ 2001 թվական, երբ դեռ գործում էր Նոր Հայեր ՈՒՀԱ-ի թիմը, ամբողջ Ռուսաստանի հայերը շնորհակալություններ էին հայտնում մեզ, որ մենք հայերին այնտեղ լավ ներկայացնում ենք: Դա է մեզ համար կարեւոր, ոչ թե ինչ-որ թափթփուկի անիմաստ հոդվածը: Կամ երբ մեր ծրագրում խոսում ենք կամ ցուցադրում մեր հայկական իրականությունից դրվագներ, չեմ գտնում, որ դրանով փչացնում ենք հայ ազգին, որովհետեւ դա մեր կյանքի իրականությունն է: Մի խոսքով ժողովուրդ, կխնդրեի որպեսզի սիրենք միմյանց, վերջ տանք այդ անիմաստ ատելությանը եւ զուսպ լինենք մեր արտահայտությունների մեջ: Մեկ էլ կխնդրեի, որ յուրաքանչյուր գրառում անողը սոցցանցում մի պահ իրեն կողքից նայի եւ հասկանա՝ ինքը արդյո՞ք անում է իր գործը, այնպես որ ամբողջ ազգին դուր գա: Շնորհակալություն»:
Հ.Գ. Ֆեյսբուքյան գրառումները ներկայացված են որոշակի կրճատումներով, ուղղված են որոշ կոպիտ ուղղագրական սխալներ:
ԱՄՈԹ Է ՈՒՂՂԱԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ