ՀԱՐՑ. Աշխատողը, որն օգտվում է սոցփաթեթի ծառայություններից եւ ունի վարկ, կարո՞ղ է օգտագործել սոցիալական փաթեթով նախատեսված գումարը այդ վարկի մարումը շարունակելու համար: Եթե այո, ապա որո՞նք են այդ ծառայությունից օգտվելու պայմանները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Փաթեթով նախատեսված հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից կարող են օգտվել ե՛ւ աշխատողը, ե՛ւ նրա ամուսինը: Սակայն նրանք իրավունք ունեն օգտվել այդ ծառայությունից, եթե նրանց հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին: Դրա մասին աշխատողը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանների համապատասխանության մասին տեղեկանք` տրված հիփոթեքային վարկ տրամադրած բանկից: Աշխատողն իրավունք ունի օգտվել հիփոթեքային վարկի ամսական վճարի ծառայությունից նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ իր ամուսինը վարկը ստացել են նախքան կառավարության որոշման ուժի մեջ մտնելը: Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի միայն վարկառուն կամ նրա ամուսինը, այսինքն` համավարկառուն չի կարող օգտվել տվյալ ծառայությունից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարեւորը սոցփաթեթից օգտվելն է, թեկուզ եւ դրանք, ինչպես այս դեպքում, ուղղվեն բանկային վարկերի մարմանը: Այդպես էլ գործադիրը չցանկացավ սոցփաթեթով հասանելիքը մարդկանց առձեռն տրամադրել, որպեսզի վերջիններս ավելի ազատ լինեն գումարը տնօրինելու հարցում: