ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Արագածոտնի մարզի առողջապահական խնդիրները:
Ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին ներկայացրեցին մարզի առողջապահական հիմնական ցուցանիշները, բժշկական կազմակերպություններում բուժական և ֆինանսական առկա խնդիրները։
Նախարարը մանրամասն հետաքրքրվեց մարզի 4 հիվանդանոցում` Աշտարակի, Ապարանի, Թալինի և Ծաղկահովտի բժշկական կենտրոններում պետական ծրագրերի իրականացման ընթացքով, մատուցվող բժշկական ծառայությունների որակի ապահովման, ներհիվանդանոցային վարակների կանխման, ֆինանսական ռեսուրսների բաշխման իրավիճակով։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին մարզի հիվանդանոցներում բժշական ծառայության որակի ապահովման, համաճարակաբանական հսկողության, սանիտարական վիճակի հետ առնչվող խնդիրներ։ Արմեն Մուրադյանը կարևորեց նաև ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Մարզում առողջապահական ծախսերի օպտիմալացման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման և առկա խնդիրների լուծման գործում կարևորվեցին բժշկական կենտրոնների կառավարման կատարելագործման, գործուն մեխանիզմների կիրառման հարցերը :
Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին առաջարկեց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության, Առողջապահական պետական տեսչության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կառույցների հետ տեղում մանրամասն քննարկել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Միաժամանակ նախարարության նշված կառույցներին հանձնարարվեց ուժեղացնել մշտադիտարկումների ընթացքում ի հայտ եկած թերությունների ու բացթողումների վերացման նկատմամբ հսկողությունը։