ՀՀԿ շտաբներին մոտ կանգնած “ՀԺ” աղբյուրների տեղեկացմամբ օրերս վերջնական որոշում է կայացվել Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախատեսված ընտրակաշառքների չափի վերաբերյալ: Ըստ այդմ, զուտ ընտրակաշառքի համար հատկացվելու է ընդհանուր առմամբ`600 միլիոն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր վարչական շրջանին կհասնի միջինը 50 միլիոն դրամ: Հստակեցվել է նաև յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը` 5 հազար դրամ: Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ընտրակաշառք վերցնողների առավելագույնը 60-70 տոկոսը, ,ազնիվե կգտնվի, ապա միայն ընտրակաշառքներով ՀՀԿ-ն մտադիր է ստանալ 70-80 հազար ձայն: ՀՀԿ-ն ունի նաև այլ ռեսուրսներ` թաղային կրիմինալի վախի ազդեցության տակ առանց ընտրակաշաոքի քվեարկողներ, այս կամ այն օլիգարխի ձեռնարկություններում ու սուպերմարկետներում աշխատող և խստորեն վերահսկվող քվեարկողներ, հանրապետության տարբեր մարզերից այդ օրը ավտոբուսներով Երևան բերվող քվեարկողներ, “մեռյալ հոգիներ” և վերջապես ձայների հաշվարկի ժամանակ իրականացվող պարզունակ “տասովկաներ”: Թե այս ռեսուրսներից յուրաքանչյուրը քանի տոկոս է ապահովելու ՀՀԿ-ի ձայներից դժվար է ասել: Սակայն պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ այս ամենի արդյունքում ՀՀԿ-ն Երևանի ավագանիում 50 տոկոսից ավելի տեղ գրավելու և միանձնյա քաղաքապետ նշանակելու համար պետք է “ստանա” 180-200 հազար ձայն: 2009 թվականին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ն “ստացել էր” 186 հազար 630 ձայն, կամ 46.3 տոկոսը: Բայց շեմը չհաղթահարած ուժերի ստացած ձայները ավագանի անցած ուժերի միջև բաշխվելու արդյունքում ՀՀԿ-ն ունեցավ ավագանու տեղերի մեծամասնությունը և միանձնյա նշանակեց քաղաքապետ: Այն ժամանակ Երևանում կար 771.5 հազար ընտրող, և ընտրություններին, պաշտոնական տվյալներով, մասնակցել էր 404.6 հազար ընտրող: Ինչ որ բան հուշում է, որ ՀՀԿ-ն գերագնահատում է իր ռեսուրսներից յուրաքանչյուրի հնարավորությունը: Այնպես որ պետք է սպասել, որ վերջին պահին ընտրակաշառքի համար նախատեսված գումարները կտրուկ կմեծանան:
ՀԺ.Որոշվել է առաջիկա ընտրությունների ընտրակաշառքի վերջնական չափը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ