Որևէ արարք չեմ արել, որի համար պետք է ինձ մեղավոր համարեմ. Տիգրան Մուկուչյանը` «նկարչություն» անելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ն ստացել էր 78 ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու դիմում: Դրանց մեծ մասը ընդդիմությունն էր ներկայացրել: Եվ, ահա, համաձայն ընտրական օրենսգրքի՝ հանրաքվեին հաջորդած 4 օրերի ընթացքում տարբեր մարզերի եւ Երեւանի ընտրատեղամասերում վերահաշվարկներ են կատարվում, որոնք արդեն այսօր կավարտվեն: Ըստ ընդդիմադիրների՝ վերահաշվարկների արդյունքում պարզ կդառնա, որ հաղթել է ոչ թե այո-ն, այլ ոչ-ը: Սակայն արդեն իսկ կատարված վերահաշվարկների արդյունքում որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել ոչ-ի օգտին:

«Ժողովուրդ»-ը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Պարո՛ն Մուկուչյան, ինչպիսի՞ արդյունքներ են բացահայտվել տարբեր ընտրատեղամասերում այս ընթացքում իրականացված վերահաշվարկների արդյունքում:

-Այս փուլում ընտրատարածքներն անում են վերահաշվարկներ, մենք վաղը՝ (երեկ) կեսօրին արդեն, կավարտենք հաշվարկները: Կենտրոնական հանձնաժողովում, ընտրատարածքային հանձնաժողովներում կան որոշակի դիմումների քննարկումներ, նախապատրաստումներ են իրականացվում, որպեսզի դրանք նիստերով քննարկվեն: Այսինքն՝ այս ժամանակահատվածում դեռեւս իրականացվում են վերահաշվարկումները, իսկ դրանց արդյունքները, քննարկումները մենք դեռեւս անելու ենք, որեւէ կերպ այդ հարցի վերաբերյալ խոսել, անհնար կլինի: Հիմա պրոցեսներ են ընթանում, որոնց արդյունքի մասին կարելի կլինի խոսել ավելի ուշ: Այսօրվա թվերը չենք համեմատել, դեռեւս չենք ամփոփել, տեղյակ չենք, քանի որ դա ընտրատեղամասերի գործառույթն է, օրվա ընթացքում տեղեկություններ չեն տրամադրվում, դրանք ներկայացվում են վերջում՝ ամփոփելուց հետո: Առաջին եւ երկրորդ օրերի վերահաշվարկների արդյունքներով տարբերությունները եղել են աննշան յուրաքանչյուր տեղամասի հաշվարկով: Կան տեղամասեր, որտեղ ոչ մի թվային տվյալի փոփոխություն չի լինում, այսինքն՝ ինչպես բացվում է, այնպես էլ փակվում է, կան տեղեր, որ, ասենք, անվավեր է ավելանում, երկու ձայն է պակասում, երկու ձայն է ավելանում: Եզակի դեպքեր են լինում, ոչ էական բաներ են լինում:

-Եթե որեւէ էական տարբերություն չկա նույնիսկ վերահաշվարկներում, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմությունը հայտարարում է, թե համատարած ընտրախախտումներ են իրականացվել, եւ ոչ-ը հաղթել է: Դուք մեղադրվում եք նաեւ նրանում, որ կարողացել եք դարձյալ «նկարչություն» իրականացնել՝ այո-ի թվերը ավելացնելով:

-Դուք հարցնում եք մի բան, որը պնդում են իրենք, այդ դեպքում ես ճիշտ եմ համարում, որ Դուք դիմեք նրանց ու պարզեք, թե ինչու են նման հայտարարություն անում: Վերահաշվարկներն այժ կատարվում են նրանց հորդորով, ու իրենք ակնհայտորեն տեսնում են դրանց արդյունքները: Կներեք, բայց ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, քանզի այդ հարցին պատասխանելու դեպքում նրանց հարցին պատասխանած կլինեմ: Հարցն այլ հասցե ունի:

-Դուք Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, որ կարողացաք ժողովրդի քվեն կեղծել, ինչպես հայտարարում են ոչ-ի ճամբարի ուժերը:

-Գիտեք ինչ, թե ինչ են հայտարարում իրենք, դա իրենք գիտեն, Դուք կարող եք իրենցից ճշտել, դա իրենց հայտարարությունն է, եւ ես, բնականաբար, որեւէ խնդրի հետ կապված ինձ մեղավոր չեմ համարում, որովհետեւ որեւէ արարք չեմ արել, որի համար պետք է ինձ մեղավոր համարեմ:

-Բայց հանրաքվեի ընթացքի վերաբերյալ ոչ միայն ընդդիմությունն է մեղադրանք հնչեցնում, այլեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները, որոնք եւս արձանագրել են բազմաթիվ ընտրակեղծիքներ:

-Մենք հիմա գտնվում ենք ամփոփման փուլում, երբ որ ամփոփումը կավարտենք, այդ ամենի պատասխանները կհնչեցնենք, ես խոստանում եմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս