Սյունիքի մարզը մոտ մեկ օր հոսանքազրկվել է. 85 ընտանիք կոնկրետ ֆինանսական վնաս է կրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզը մոտ մեկ օր ամբողջությամբ հոսանքազրկվել է, ինչի արդյունքում բացի մարզի ողջ բնակչության կրած վնասներից` ջեռուցման եւ այլ խնդիրների հետ կապված, ավելի քան 85 ընտանիք կոնկրետ ֆինանսական վնաս է կրել. նրանց կենցաղային տեխնիկան ամբողջովին փչացել է:

ՀՀ Սյունիքի մարզի «Շինուհայր» ենթակայանում դեկտեմբերի 4-ին անհայտ պատճառով վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում մարզի բոլոր քաղաքային եւ գյուղական համայնքները հոսանքազրկվել են:

Սյունիքի մարզի Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանը հայտարարեց, որ գյուղում երկու-երեք օր շարունակ էլեկտրաէներգիա չի եղել: Իսկ միանալուց հետո էլ գյուղապետի տանը եղած էլեկտրական տեխնիկան՝ հեռուստացույցը, հեռախոսի լիցքավորիչը, փչացել են: «Միայնակ մարդ եմ, ամբողջ օրը այդ հեռուստացույցով եմ զբաղվում: Իսկ հիմա այն ամբողջությամբ փչացել է: Երկու-երեք օր է, ինչ անլույս ենք: Ավելի քան 85 ընտանիք այս ամենի արդյունքում վնաս է կրել»,- դժգոհեց Քաշունիի տուժած գյուղապետը: Նրա խոսքերով՝ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել են նաեւ մարզի Սվարանց, Տաթեւ, Աղվանի, Տանձատափ, Տանձեվեր գյուղերը: «Աղվանիում մեկ հեռուստացույց է մնացել սարքին վիճակում:

Կփոխհատուցի՞ ՀԷՑ-ը, չգիտեմ: Բայց այն, որ ես այսօր, այս պահին հեռուստացույց չունեմ, դա փաստ է: Իրենց փոխհատուցումն ո՞ւմ է պետք»,- դժգոհեց գյուղապետը` նկատելով, որ մինչ ՀԷՑ-ը սկսի վերանորոգել այրված տեխնիկան, ամիսներ կանցնի: «Մի անբողջ տարի էլ կտեւի: Իսկ Քաշունին ամենավերջին գյուղն է՝ սարի գլխին, առանց հեռուստացույց, հեռախոս ինչպե՞ս ապրենք»,- նեղսրտեց մեր զրուցակիցը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Տաթեւ» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սյունիքի մարզը դեկտեմբերի 4-ին հոսանքազրկվել է «Շինուհայր 110» ենթակայանի կողմից: Նրա խոսքերով՝ այս ենթակայանը գտնվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ենթակայության տակ: «Չեմ կարող պարզաբանել, թե ինչն է եղել վթարի պատճառը: Բայց Սիսիանի Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր:

Նշեմ, որ մեր համակարգին միացված երեք ՀԷԿ-եր կան Հալիձոր, Քարահունջ գյուղերի մոտ, եւ իրենց արտադրած էլէներգիան ավելի շատ էր, քան մեր ծախսածը: Օրինակ՝ «Քարահունջ» ՀԷԿ-ի հզորությունը 1000 ԿՎ է ժամում, «Շուշանիկ»-ինը՝ 600, իսկ «Շինուհայր»-ինը՝ 800: Այսինքն՝ այդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, համակարգին տվել են 2600 ԿՎ, մինչդեռ Տանձատափ, Տաթեւ, Սվարանց եւ այլ գյուղերի ծախսածը ժամում կազմել է 50-100 ԿՎ: Այսինքն՝ արտադրանքը շատ է եղել, իսկ ծախսը՝ քիչ, դրա համար էլ առաջացել են գերլարումներ»,- բացատրեց մասնագետը:

ՀԷՑ-ի «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը նույնպես չկարողացավ նշել վթարի հստակ պատճառը: «Այդ վթարը տեղի է ունեցել «Շինուհայր» ենթակայանում, որը մեր ենթակայության տակ չի գտնվում: Մենք դրա համար չենք կարողանում պարզաբանում տալ: Բայց գույքագրում կատարվել է, ցուցակը աշխատողների մոտ է, այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, թե քանի ընտանիք է վնաս կրել»,- ներկայացրեց Գրիգորյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կատարվածի կապակցությամբ ինքը գրություն է պատրաստել, որով դիմելու է ՀԷՑ-ին: «Տեսնենք, թե հետագայում ինչ ընթացք կունենանք: Բայց քանի որ բաժանորդները պայմանագրերը կնքել են հենց մեզ հետ, այս պատճառով էլ մենք ենք վերանորոգում վթարի արդյունքում նրանց փչացած կենցաղային տեխնիկան»,- նշեց մասնաճյուղի տնօրենը: Մեր զրուցակիցը ընդգծեց, որ մինչեւ վթարի պատճառները հստակեցնելը, ինքը չի կարող նշել, թե ով է մեղավոր՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, թե՞ ՀԷԿ-երը:

Զրույցի ավարտին տեղեկացանք նաեւ, որ այս պահին ՀԷՑ-ը բնակիչների ներկայացրած վնասված կենցաղային սարքավորուների 80 տոկոսն է վերանորգել: ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը վստահեցրեց, որ սկսվել է փոխհատուցման, վերանորոգման գործընթացը, որը 2-3 օրերի ընթացքում կավարտվի: Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանը նույնպես հայտնեց, որ վնասները փոխհատուցվում են, եւ համապատասխան մասնագետները եկել են գյուղ` վերանորոգելու վնասված տեխնիկան:

«Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի եւ կներկայացնի տեղի ունեցած վթարի պատճառները եւ պատասխանատուներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս