Իրավապահները կանեն այն, ինչ հետաքրքիր կերպով չի անում ընդդիմությունը. կպահանջեն կառավարության հրաժարականը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս Հայաստանն ինքներս ենք այսպիսին դարձրել ու այդպիսին պահում, ինչքան եւ ինչպես աշխատում ենք՝ այդպիսի երկիր էլ ունենք: Այսօր մոտավորապես այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը, երբ նրան հարցրել են, թե կուզե՞ր արդյոք, որ իր երեխաներն ապրեին այնպիսի Հայաստանում, ինչպիսին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի որակներն էին:

Վերացականությամբ հանդերձ, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը բավական անկեղծ է, կամա, թե ակամա:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ վերջին շրջանում Հայաստանի իրավապահ կառույցներում սկսել են հաճախ հնչել այդպիսի անկեղծ հայտարարություններ: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ հասարակությանը գրեթե անակնկալի բերեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, «նաիրիտցիներիե թեմայով վարչապետի ու էներգետիկայի նախարարի զրույցին միջամտելով ու հայտարարելով, որ մարդիկ պարզապես չեն հավատում կառավարությանը: Իհարկե, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն իր կոնկրետությամբ զգալիորեն զիջում է Գորիկ Հակոբյանին, սակայն հատկանշական է, որ ԱԱԾ պետից բացի, նաեւ գլխավոր դատախազն է բացահայտորեն բացասական տոնայնությամբ արտահայտվում երկրում ստեղծված վիճակի մասին: Սա վկայում է իրավապահ համակարգում կամ ընդհանրապես իշխանական համակարգում տեղի ունեցող որոշակի տրանսֆորմացիաների՞ մասին, եւ արդյո՞ք Հայաստանում առկա է հակադրություն իրավապահ համակարգի եւ գործադիր իշխանության միջեւ:

Օրինակ՝ ոստիկանության պետի եւ վարչապետի լարվածությունը նորություն չէ, եւ Վովա Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանը պահը բաց չեն թողնում միմյանց բավական թաքնված, սակայն սուր կսմթելու: Հետո փաստորեն կառավարության հանդեպ կոշտ արտահայտվեց Գորիկ Հակոբյանը, իսկ հիմա գործադիրի հասցեին ինչ-որ իմաստով անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է անում Գեւորգ Կոստանյանը: Թեեւ, նա ասուլիսի ընթացքում նաեւ ուղիղ իմաստով է թիրախավորել գործադիրին: Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չէր կարող Սահմանադրական փոփոխությունների քվեարկության հետ կապված խախտումների վերաբերյալ տեսանյութերը որակել մոնտաժված, քանի որ դրա մասին կարելի է խոսել միայն փորձաքննությունից հետո: Մինչդեռ կան լրագրողական ձայնագրությունները, որ հանրաքվեից անմիջապես հետո այդ տեսանյութերի մասին հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը դրանք որակում է մոնտաժված՝ ասելով, որ իր կարծիքով դրանք մոնտաժված են: Գեւորգ Կոստանյանն ասում է, որ ոչ ոք չի կարող այդպիսի բան ասել, քանի դեռ չկա փորձաքննություն:

Փաստորեն, գլխավոր դատախազը վարչապետին մեղադրում է առնվազն ոչ կոմպետենտ հայտարարության համար: Թերեւս մնացել է, որպեսզի կառավարությանը որեւէ կերպով որեւէ մեղադրական ակնարկ հղի նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որպեսզի իրավապահ կառույցների շղթան ամբողջանա կառավարության դեմ «ճակատով»: Ընդ որում՝ ակնհայտ է, որ հանրաքվեի քվեարկությունն այստեղ առիթ է, իսկ իրավիճակն, ըստ էության, շատ ավելի խորն է, նույնիսկ ներիշխանական եւ գերատեսչական պայքարի տրամաբանությունից էլ խորը:

Այնպես որ, բոլորովին զարմանալի չի լինի, եթե իրավապահներն անեն այն, ինչը, ըստ էության, հետաքրքիր կերպով չի անում, այսպես ասած, ընդդիմությունը 2014 թվականի ապրիլից՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո: Այսինքն՝ ընդդիմության փոխարեն հենց իրավապահները պահանջեն կառավարության հրաժարականը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս